Օդեսայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» Կուրշան (Video)
Օդեսայում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները փետրվարի 16-ին ձերբակալել են վրացի «օրենքով գողի»՝ հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ մամլո ծառայությունը: Նրա հետ միասին ձերբակալվել է ևս 5 մարդ, որոնցից 4-ը ուկրաինացիներ են՝ Օդեսայի բնակիչներ:
2013թ. 42-ամյա Գոչա Ջինչարաձեին, ով հանցավոր շրջանակներում հայտնի է «Կուրշա» կեղծանունով, վտարել էին Ուկրաինայի սահմաններից՝ 5 տարով արգելելով մուտքը երկիր: Այդուհանդերձ, նա վերադարձել էր երկիր և ազգանունը փոխելով՝ փորձել շփումներ հաստատել տեղի հանցագործ տարրերի հետ, սակայն 2014թ. սեպտեմբերին դարձյալ բռնվել է Օդեսայում ու արտաքսվել երկրից:
Այս անգամ իրավապահներին հաջողվել է նրա հետ ձերբակալել ևս մեկ վրացու՝ «Սեդոյ» մականունով:
Ներկայում իրավապահները միջոցներ են ձեռնարկում Ուկրաինայի տարածքից «Կուրշային» հապշտապ արտաքսելու ուղղությամբ:
crimelife.info-ի տվյալներով՝ «Կուրշան» տարածում է գողական ավանդույթներ, ակտիվորեն մասնակցում գողական հավաքներին: Նա բազմիցս ենթարկվել է քրեական պատասխանատվության անօրինական հանցավոր խմբավորումներին մասնակից լինելու համար:
Գոչա Ջինչարաձեն «թագադրվել է» 1998-ին ու երկու անգամ Վրաստանում ազատազրկման դատապարտվել «օրենքով գողերին» պատկանելու համար: Ազատ է արձակվել 2012թ. վերջին:
