ՕԵԿ-ը հարցապնդում ներկայացրեց
A1plus.am-ը գրում է. ԱԺ-ն իր 2-րդ նիստում սկսեց քննարկել ՕԵԿ խմբակցության հարցապնդումը, որը վերաբերում էր ավանդների փոխհատուցման գործընթացին:
Հարցապնդումը ներկայացրեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ գալիք տարի կլրանա 10 տարին, որ իրենց գործընկերների հետ համատեղ կյանքի են կոչել այդ ծրագիրը, որը իրենց կուսակցության համար սկզբունքային նշանակություն ունի. «70 հազար ավանդատու արդեն օգտվել է իրենց ԽՍՀՄ ավանդների փոխհատուցումից:
Այս տարի եւս բազմաթիվ ավանդատուներ կստանան փոխհատուցում: Ես ուզում էի իմանալ` որքան ազատամարտիկ է ներառված այս տարվա ծրագրում եւ որքան ազատամարտիկ կմնա, որոնք չեն ստացել ու գալիք տարում են ստանալու»:
Նրա հարցադրումներին պատասխանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշեց, որ 2014թ. ներառվեցին մինչեւ 1929թ. դեկտեմբերի 31-ը ծնվածները, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, ինչպես նաեւ` սահմանամերձ համայնքների ավանդատու անձինք. «Ներառյալ այս տարվա նոյեմբեր ամիսը 2014թ. ընթացքում վճարվել է մինչեւ 1929 դեկտեմբերի 31-ը ծնված 4664 անդամ, 1450 ազատամարտիկ, 406 անձ սահմանամերձ համայնքներից: Հաջորդ տարվա համար հաշվառված է 7000 անձ` մինչեւ 1929թ. դեկտեմբերի 31 ծնված տարեցները, 2500 ազատամարտիկ եւ 2500 սահմանամերձ համայնքի բնակիչ»:
Արձագանքելով` ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ նախարարի ներկայացրած թվերը տարեցտարի միջին ցուցանիշն էին. «Իրոք, մենք կարողացել ենք փոխհատուցել հաշվառման կանգնած ավանդատուներին` անկախ նրանից, երբ է նա հաշվառման կանգնել: Ես մի առաջարկ ունեմ` այդ տարեցները 85-86 տարեկան են արդեն դառնում, կարելի է լրացուցիչ միջոց ներառել, այդ թվում նաեւ` սահմանամերձ համայնքների բնակիչների համար ավարտենք ծրագիրը: Սա եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ, ամենակարեւորը, բարոյական առումով արդարացված քայլ կլինի: Կարծում եմ` այդքան էլ մեծ գումար չի լինի, խոսքը գնում է ընդամենը մի քանի մլն դրամի մասին»:
