ՕԵԿ-ը ուզում է եռյակի հետ պայքարել
1in.am-ը գրում է. «Ես կասեի, որ ի սկզբանե կարելի էր չօգտագործել եռյակ, քառյակ, հնգյակ արտահայտությունները: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք ԱԺ խմբակցությունների միավորված աշխատանքային մոդել են»,- ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա նշեց, որ երեկ ոչ իշխանական ուժերի բարձրացրած հարցի՝ Արամ Մանուկյանին և ազատամարտիկներին ծեծի ենթարկելու դեպքին գնահատական տալու համար արտահերթ նիստ տեղի չի ունեցել, որովհետև քաղաքական մեծամասնությունը չի աջակցել: «Մենք որոշեցինք այդ քաղաքական ուժերի կողմից այսօր տալ մամլո ասուլիս, ովքեր այդ հարցի շուրջ միասնական են: Կան հարցեր, որոնց շուրջ մենք միասնական ենք լինում՝ անկախ նրանից, թե ով է դրանք բարձրացնում»,- հավելեց պատգամավորը:
Նրա հավաստիացմամբ՝ այս հարցը մտահոգում է բոլորին, քանի որ ծեծի է ենթարկվել ԱԺ պատգամավորը: «Այս դեպքում դա նշանակում է, որ այդ հարվածը ոչ միայն այդ մարդունն է, այլև բոլորինս է: Եթե մենք այսօր չենք արձագանքում մեր գործընկերոջ հետ տեղի ունեցածին, ապա դա նշանակում է, որ վաղը դա մեզ հետ կարող է պատահել»,- նշեց նա:
Այն հարցին, թե այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ ՕԵԿ-ը միանում է եռյակին, Բիշարյանը պատասխանեց. «Հնարավոր է՝ լինեն հարցեր, որոնք սկզբունքորեն մեզ համար ընդունելի չեն, և մենք չհամագործակցենք այդ հարցի շուրջ: Այս հարցի շուրջ մեր մոտեցումները համընկել են, և մենք պարտավոր ենք համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք պայքարում են ամենաթողության դեմ»:
