Օֆշորի գործով դատավարությունը կսկսվի հունիսի 24-ին
Փաստինֆոն գրում է. Օֆշորային սկանդալի գործով Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական առաջին նիստը կկայանա հունիսի 24-ին:
Գործի նախաքննությունն ավարվել ու դատարան էր ուղարկվել դեռևս հունիսի 3-ին:
Հիշեցնենք՝ Աշոտ Սուքիասյանն անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրած օֆշորային սկանդալի գլխավոր դերակատարներից է: Այս պատմության հետ էին շաղկապվում նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անունները:
2013թ. հարուցված քրեական գործի շրջանակներում Աշոտ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար:
Աշոտ Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Ավելի ուշ նա հայտնաբերվեց Վրաստանում, արտահանձնվեց Հայաստանին և նույն օրը` 2014թ-ի հունիսի 19-ին, կալանավորվեց:
Ավելի քան 1 տարի տևած նախաքննության ավարտին Աշոտ Սուքիասյանին առաջադրված մեղադրանքում որոշ փոփոխություն է կատարվել: Ուրիշի գույքին դիտավորությամբ վնաս հասցնելը հանվել է, փոխարենն առաջադրվել է հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանք:
Մեղադրական եզրակացությամբ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
մանրամասները` սկզբնաղբյուրում
