Օմբուդսմենն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին. ՄԻՊ
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ զոհերի հարազատները և Ազգային ժողովի պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունը հայտնեցին Մարտի 1-ի դեպքերի քննության գործում առաջընթացի բացակայությունից:
Նրանք նշեցին, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ: Զոհերի ծնողներն Օմբուդսմենին առաջարկեցին շարունակել խնդրի մասին բարձրաձայնել մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդրի վերաբերյալ Մարտի 1-ի զոհերի ծնողներին ներկայացրեց մի քանի առաջարկ: Միաժամանակ Պաշտպանը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների և օրենսդրության շրջանակներում աջակցել գործի ընթացքին:
