Որ հոշոտե՞ք մեր երեխեքին. մահացած զինվորների ծնողները նախագահականի մոտ են (Տեսանյութ)
Բանակում մահացած 5 զինծառայողների ծնողներն այսօր՝ նոյեմբերի 12-ին, կրկին ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին և պահանջում էին հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:
Shabat.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի, եթե նախագահն իրենց չընդունի, քանի որ արդեն սպառվել են համբերելու բոլոր սահմանները:
«Գերագույն հրամանատարը մեզ պետք է ընդունի ու պատասխան տա իր վիժվածք հրամանատարների, գեներալների արարքների համար: Թող պատասխան տան: Եթե իմ երեխուն զինվոր սպանած լիներ, հիմա բանտերում կփտեր, ուրեմն նախագահի կողքի մարդիկ են սպանել»,-Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը՝ նշելով, որ առ այսօր չեն կարողացել ապացուցել իր որդու մահվան պաշտոնական վարկածը՝ էլեկտրահարումը:
Տիկին Գոհարը նախագահից պահանջում է իրեն պատասխան տալ, թե ով է խոշտանգելով սպանել իր որդուն և ինչի համար: Նա ցավով է հիշում, որ իր որդին Ռուսաստանից վերադարձավ հայրենիքի առաջ պարտքը կատարելու համար:
« 10 տարի Ռուսաստանում նրա մազին կպնող չեղավ, եկավ Հայաստան, որ իր հայրենիքի առաջ պարտքը կատարի: Բանակ ուղարկեցինք, որ հոշոտե՞ք մեր երեխեքին, վամպիրներ: Ես էսօր հետ չեմ ուզում իմ երեխուն, բայց պետք է իմանամ, թե ով է սպանել: Ինչի՞ ես պիտի իմ որդու 26-ամյակը նշեմ գերեզմանոցներում: Պետք է պատասխան տան»,- ավելացրեց նա:
Հավաքված ծնողները հայտնեցին, որ մի քանի օրից պատասխան չստանալու դեպքում նստացույց կսկսեն և ավելի ծայրահեղ քայլերի կդիմեն:
