Որեւէ կայացած ժողովուրդ երբեք իր «յուրահատուկ գենի» մասին ծպտուն անգամ չի հանում
Այս տարածքների ու նաեւ ամբողջ համացանցով մեկ ողողված նյութերից շատերը պատմում են մեկ «հայ գենի», մեկ «ռուս գենի», մեկ «ադրբեջանական գենի» առավելությունների ու ամենակարեւորը՝ գոյության մասին: Այսինքն, հիմնականին հենց այն ժողովուրդներն են տառապում իրենք իրենց նախապատվւթյուն տալու ցավով, որ այսօր արդեն կորցրել են ոչ միայն ազգային, այլ եւ մարդկային դիմագիծը: Բայց հենց սրանց մեջ էլ ծնվում են այն «էպոսագետ-ազգագրագետները» որ աջ ականջը ձախ ձեռքով բռնելու ի ուր ջանքեր թափելով աշխատում են գոհացնել իրենց իշխանություններին շարունակելով նրանց այն «գաղափարախոսությունը» թե «մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում» (մնում է նաեւ իմանալ, թե ով է ընդհանրապես մեր մասին խոսում կամ մտածում ), «ռուսական աշխարհի առավելությունները» (որ հաճախ երկակի իմաստ է ստանում «ռուսական ոգի» հասկացողությամբ որն էլ իր հերթին սկսում ու ավարտվում է ընդամենը փայտի սպիրտ կոնծելու սովետական գջլոտ սովորությամբ եւ ի հարկե նույն այդ «ռուսական աշխարհի» ստեղծած իրականությունից փախուստ տալու նպատակով), «ադրբեջանական հազարամյա մշակույթն» էլ գալիս է բոլորովին մարդկությանը «ֆոկուսից» գցելու համար...
Իրականում, եւ վաղուց հայտնի է, որ որեւէ կայացած ժողովուրդ, որ վաղուց իր կենցաղային ու տնտեսական, ընկերային ու քաղաքական խնդիրները լուծելու լծակները որոշել է դեմոկրատական հասարակություն ստեղծելով որոնել եւ նաեւ գտել է՝ երբե՛ք ոչ իր առավելությունների ու ոչ առավել իր «յուրահատուկ գենի» մասին ծպտուն անգամ չի հանում: Իսկ եթե ականջի ծայրով լսում է այս որակի ու մակարդակի բարբաջներ, բարեհոգի բայց հեգնանքով ժպտում է ու սկսում քարտեզի վրա որոնել այն կետը, ուր ծագում են այս կարգի անհեթեթություններ: Գտնում է, ու կազմակերպվում այդ մարդկանց բարեգործական օգնություն ուղարկելու ծրագրեր մշակել: Հավանաբար բոլոր «հանճարեղ» մտքերը քաղցից չեն ծնվում եւ բնականաբար թերասնումը մարդուն կարող է մղձավանջների մեջ էլ գցել...
