Ո՞րն է եղել Թբիլիսիի ջրհեղեղի պատճառը...
Ինչպես հայտնի է Թբիլիսիում շաբաթ լույս կիրակի գիշերը հորդառատ անձրեւ է տեղացել, որն ուղեկցվել է կարկուտով եւ ուժեղ քամիով: Այս ամենի հետեւանքով վնասվել են բնակելի տները, ճանապարհները, ենթակառուցվածքային օբյեկտները: Պաշտոնական տվյալներով` աղետի հետեւանքով զոհվել է 12 մարդ, սակայն ԶԼՄ–ները շարունակում են հայտնել, որ զոհվածների թիվն ավելի մեծ է: Անհետ կորած է համարվում ավելի քան 20 մարդ, մոտ 40 ընտանիք մնացել է անօթեւան: Ավերվել է Թբիլիսիի կենդանաբանական այգին, որտեղից փախել են վայրի կենդանիները: Իսկ, թե որքանո՞վ է հավանական, որ Թբիլիսիում այս օրերին տեղի ունեցող իրավիճակը կրկնվի նաեւ Հայաստանում, Fnews.am-ը փորձեց պարզել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերեւութաբանական ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից, ով մասնավորապես նշեց.
-Թբիլիսիում ջրհեղեղի եւ սողանքների հանգեցրած ցիկլոնն արդեն կորցրել է իր ուժգնությունը, եւ ցիկլոնի ներթափանցումը Հայաստանի տարածք գրեթե բացառվում է:
- Իսկ, ինչո՞վ է պայմանավորված հարեւան երկրում տեղի ունեցած անոմալիան:
-Պատճառների մասին ստույգ ոչինչ ասել չենք կարող, քանի որ Վրաստանի Հիդրոօդերեւութաբանական ծառայությունը գաղտնի է պահում ավերիչ ջրհեղեղի պատճառները:
Ն. ԱԴԱՄՅԱՆ
