Ոռոգումն անխափան պետք է լինի
Կառավարության վաղվա նիստը յուրօրինակ նորամուտ է նախկին բնապահպանության նախարար և Կոտայքի նախկին մարզպետ, այժմ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրտնտպետկոմի նախագահ Արամ Հարությունյանի համար: Իբրև ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նա առաջին անգամ է կառավարության քննարկմանը հարց ներկայացնելու, այն էլ «Ոռոգման նպատակով 2015 թվականին Սևանա լճից ջրառի մասին» հարցը: Այն ավելի քան կարևոր է երկրի ոչ միայն գյուղատնտեսության, այլև տնտեսության համար ընդհանրապես:
Անհրաժեշտ է ապահովել Սևան- Հրազդան ոռոգման- էներգետիկ համակարգից սնվող համակարգերի իշխման գոտում գտնվող մոտ 39 հազար հա հողատարածքում մշակվող բույսերի ոռոգումը, որի համար կպահանջվի 481,6 մլն խոր մետր ջուր: Սևանա լճի «ուսերին» է թողնվում ամենաշատը 170 մլն խոր մետրի հոգսը, իսկ հիմնական պահանջարկն ապահովվելու է Հրազդան գետից, Ազատի և Ապարանի ջրամբարներից, Մխչյանի և Ռանչպար- Արևշատի պոմպակայաններով մղվող ջրաքանակով:
Որոշմամբ հանձնարարություն է տրվելու նաև բնապահպանության նախարարին. նա պարտավոր կլինի Սևանա լճից ոռոգման ջրի բացթողումն ապահովել ջրտնտպետկոմի ներկայացրած չափաքանակով և ժամկետներում: Արամ Հարությունյանն իրավասու է, ըստ եղանակային պայմանների, ջրի չափաքանակի պլան- ժամանակացույցում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ, ինչպես նաև հոգալ Հրազդան գետի հունի լվացումը` Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը յուրաքանչյուր ամսվա 15- ին և 30- ին մեկական ժամով բաց թողնելով նախազգուշական և երկու ժամով` հիմնական ելք, ընդամենը տարեկան 0,65 մլն խոր մետր: