Որոնք են հայկական կողմի անելիքները ըստ Հրանտ Բագրատյանի
Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հստակ տեղեկացված եմ երեկ և այսօր տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի անհամեմատ ավելի շատ (տասնապատիկ անգամ) զոհերի մասին։ Չնայած մեր թիվն էլ է մեզ համար հսկայական՝ 18 մարդ։ Հարց է ծագում. ի՞նչ է ուզում Ալիևը՝ իմանալով այս ամենը։ Ալիևին կարելի է նենգ, խորամանկ, ինչ-որ տեղ մարդակեր համարել։ Բայց հիմա՞ր՝ երբեք։ Կա 2 հնարավոր պատասխան. 1) փորձել հայկական զինուժի դիմադրողականությունը և մեզ փաթաթել մի ռազմավարություն, որտեղ Ալիևը կփորձի քանակական առավելությունը որակականի վերածել։ Դատելով առաջին 2 օրվա արդյունքներից՝ ադրբեջանական կողմի համար, մեղմ ասած, հաջողությունն ակնհայտ չէ, 2) նրան ձեռք չի տալիս այն պլատֆորմը, որտեղ կանգ են առել Ղարաբաղի հարցի վերջին քննարկումները, այսպես ասած՝ քաղաքական ստատուս-քվոն։ Նա ուզում է սկսել 0-ից։ Սա շատ հավանական է։ Ուրեմն պետք է սպասել նոր ռազմական ճնշումների։
Հայկական կողմի անելիքներն են. 1) Ռազմական ոլորտ։ Արդյունավետ պատասխանել և ցույց տալ, որ ի վիճակի ես ավելի հուժկու հարվածել, 2) անել հստակ քաղաքական քայլեր, կամ՝ 2.1) նոր ստատուս-քվոյի պարագայում ավելի պահանջկոտ լինել, կամ՝ 2.2) անհրաժեշտության դեպքում ճանաչել ԼՂՀ-ն։ Ամսի 4-ին ԱԺ նստաշրջանն է։ Տեսնենք ի՞նչ օրակարգով կգա գործադիրը»:
