Որովհետեւ ավազակ եք. ակտիվիստները չճանաչեցին պատգամավորին
Shabat.am-ը գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ամոթանք տվեց ԱԺ-ի մոտ հավաքված՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող ակտիվիստներին, որոնք չճանաչեցին իրեն:
Ակտիվիստները «ամոթ, ամոթ» վանկարկումով դիմավորեցին Ռուբեն Սադոյանին, այնուհետեւ, քանի որ չէին ճանաչում նրան, հարցրին՝ արդյոք նա պատգամավոր է:
Ռուբեն Սադոյանը հարցին դրական պատասխան տվեց եւ արհարմարհանքով ասաց. «Իհարկե, ձեզ է ամոթ, որ դուք ձեր պատգամավորին չեք ճանաչում»:
Ակտիվիստները պատգամավորի հետեւից գոռալով ասացին, որ չեն ճանաչում, քանի որ նա «ավազակ է, ոչ թե պատգամավոր»։
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին ակտիվիստները հորդորեցին ծխախոտով չմտնել ԱԺ: «Սիգարետով մի՛ մտեք, օրե՛նք եք խախտում»,- ԱԺ մտնող պատգամավորի հետեւից բղավեցին նրանք:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 4-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին:
