Որքան եկամուտ են հայտարարագրել նախարարների կանայք
Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է նախարարների գույքի և եկամուտների 2015 թվականի հայտարարագրերը: Հայտարարագրերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նախարարները հիմնականում խուսափում են ներկայացնել իրենց ունեցվածքն ամբողջությամբ: Նախարարների կանայք ևս մեծամասամբ համեստ հայտարարագրեր են ներկայացնում: Եվ եթե հավատանք պաշտոնական հայտարարագրերին, ապա ստացվում է, որ 2015 թվականին նախարարները անշարժ գույք ու ավտոմեքենաներ չեն գնել:
Իրենք ունեցվածքով աչքի են ընկնում հատկապես բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Այս նախարարների կանայք հետ չեն մնում իրենց ամուսիններից և համեմատաբար խոշոր ունեցվածք են հայտարարագրել: Իսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կինը 10 հազար դոլար նվիրատվություն է ստացել:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր դրամական միջոցները նաև ռուսական ռուբլիով է պահում: 2015 թվականի համար նախարարը հայտարարագրել է 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռուսական ռուբլի և 969 մլն դրամ դրամական միջոց:
Բնապահպանության նախարարը նախորդ տարի 85 մլն 375 հազար դրամ եկամուտ է ստացել, որից ընդամենը 7 մլն-ն է կազմել աշխատավարձը, մնացածը շահաբաժիններից ստացված և այլ եկամուտներն են կազմում:
Արամայիս Գրիգորյանի կինը՝ Ալիսա Գրիգորյանը, հետ չի մնում ամուսնուց: Նա տարվա ընթացքում ստացել է 38 մլն դրամ եկամուտ, որը ձևակերպված է որպես այլ եկամուտ: Նախարարի կինը 2015 թվականի համար հայտարարագրել է 365 մլն 693 հազար դրամ դրամական եկամուտ:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի դրամական միջոցները 2015 թվականի վերջին կազմել են 198 մլն դրամ, 70 հազար ԱՄՆ դոլար և 65 հազար 400 եվրո: Նախարարի նախորդ տարվա աշխատավարձն ընդամենը կազմել է 7 մլն 340 հազար դրամ: Սերգո Կարապետյանը նախորդ տարի օտարել է մեկ անշարժ գույք՝ ոչ բնակելի տարածք՝ 36 մլն դրամ արժեքով:
Սերգո Կարապետյանի կինը՝ Նվարդ Հովակիմյանը, նախորդ տարվա ընթացքում ստացել է ընդամենը 2 մլն 309 հազար դրամ աշխատավարձ, այլ եկամուտներ չի հայտարարագրել: Սակայն սրան զուգահեռ տիկնոջ դրամական միջոցները կազմել են 21 մլն 800 հազար դրամ և 28 հազար 600 ԱՄՆ դոլար:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նախորդ տարի ստացել է ընդամենը 7 մլն 202 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: Նախարարի դրամական միջոցները նախորդ տարեվերջին կազմել են 543 մլն 655 հազար դրամ և 92 հազար ԱՄՆ դոլար:
Գագիկ Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը, ամուսնուց շատ եկամուտ է ունեցել 2015 թվականին: Տիկինը 9 մլն 600 հազար դրամ արժողությամբ ավտոտնակ է գնել նախորդ տարի: Տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 47 մլն 450 հազար դրամ, որը գոյացել է վարձակալության դիմաց տրված վճարներից: Բեգլարյանի կնոջ դրամական միջոցները նախորդ տարեվերջին կազմել են 39 մլն 200 հազար դրամ և 3 մլն 070 հազար ԱՄՆ դոլար:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, ով Վերահսկիչ պալատի փոխնախագահն էր, նախորդ տարի 6 մլն 436 հազար դրամ եկամուտ է ունեցել, որը կազմել է աշխատավարձը: Յոլյանի դրամական միջոցները նախորդ տարեվերջին կազմել են 4 մլն դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար:
Լևոն Յոլյանի կինը նրանից շատ ունեցվածք ունի: Անուշ Ասլանյանը նախորդ տարի ստացել է 12 մլն 112 հազար դրամ եկամուտ, որից ընդամենը 834 հազարն է կազմել աշխատավարձը, մնացած տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է: Յոլյանի կնոջ դրամական միջոցները նախորդ տարեսկզբին կազմել են 3 մլն դրամ և 515 հազար դոլար, սակայն տարեվերջին կտրուկ նվազել են՝ կազմելով 3 մլն դրամ և 200 հազար դոլար:
Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարագրել է 16 մլն 154 հազար դրամ եկամուտ, որը ներկայացրել է որպես երկու աշխատանքի դիմաց ստացված վարձատրություն: Փոխվարչապետը 2015 թվականի տարեսկզբին հայտարարագրել է 500 հազար ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար դրամական միջոց, իսկ տարեվերջին նրա դրամական միջոցներն աճել են՝ կազմելով 3 մլն 607 հազար դրամ և 2 000 դոլար:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարագրել է 1 մլն 500 հազար դրամ դրամական միջոց և 8 մլն 497 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2015 թվականի համար հայտարարագրել է 31 մլն 500 հազար դրամ դրամական միջոց և 7 մլն 957 հազար դրամ եկամուտ:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախորդ տարվա սկզբին 48 հազար դոլար, իսկ տարեվերջին 58 հազար դոլար փոխառություն է տվել: Նախարարը հայտարարագրել է 16 մլն դրամ դրամական միջոցն ու 12 մլն 173 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից ու փոխառության դիմաց տրված տոկոսներից: Արմեն Մուրադյանի կինը՝ Ելենա Ամիրխանյանը, նախորդ տարի 10 հազար դոլար նվիրատվություն է ստացել:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախորդ տարի 9 մլն 339 հազար դրամ եկամուտ է ունեցել՝ գոյացած աշխատավարձից ու կենսաթոշակից: Նախարարի դրամական միջոցները տարեվերջին կազմել են 18 մլն դրամ: Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայտարարագրել է միայն աշխատավարձը, որը նախորդ տարի կազմել է 1 մլն 698 հազար դրամ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախորդ տարի ունեցել է 14 մլն 171 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձերից ու տրված փոխառություններից ստացված տոկսներից: Հրանուշ Հակոբյանի դրամական միջոցները նախորդ տարեսկզբին կազմել են 2 մլն 859 հազար դրամ, իսկ տարեվերջին աճել են՝ կազմելով 9 մլն 885 հազար դրամ: Ի դեպ, Հրանուշ Հակոբյանը նախորդ տարի մի շարք փոխառություններ է հանձնել ու վերադարձրել:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես համեստ ունեցվածք է հայտարարագրել: Նա տարեսկզբին ունեցել է 7 524 եվրո գումար, տարեվերջին այդ թիվը մնացել է նույնը: Նախարարի ամբողջ եկամուտը, ըստ հայտարարագրի, կազմել է աշխատավարձը, որը մոտ 7 մլն դրամ է եղել: Իսկ եթե այլ եկամուտ ներկայացված չէ, իսկ նախարարի դրամական միջոցները փոփոխության չեն ենթարկվել, ստացվում է, որ Հասմիկ Պողոսյանը նախորդ տարի ապրել է միայն իր աշխատավարձով:
Նշենք, որ դեռևս չեն հրապարակվել արտաքին գործերի, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ֆինանսների նախարարների հայտարարագրերը:
