Որտեղից է գալիս վտանգը սահմանին
Հայաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, թե չգիտի՝ որքան կնվազի գազի գինը շարքային սպառողի համար, կամ կնվազի՞, թե՞ ոչ:
Ինչպես հայտնի է, գազի գնի նվազեցման մասին ապրիլի 7-ին հայտարարվեց ՌԴ վարչապետ Մեդվեդևի երևանյան այցի ընթացքում: Սահմանի վրա 165 դոլարը նվազեց և դարձավ 150: Սակայն առայսօր ոչ մեկը չի պատասխանել հարցին, թե ինչքան է գինը նվազելու Հայաստանի սպառողի համար, կամ ինչքան է նվազելու Հայաստանի տնտեսվարողի համար: Իսկ եթե այստեղ չկա որոշակիություն, ապա սահմանի վրա գազի գնի նվազեցումը մեծ հաշվով բլեֆ է՝ ռազմավարական դաշնակցային բլեֆ, քանի որ գազ մատակարարողը, ներկրողն ու վաճառողը Հայաստանում միևնույն կազմակերպությունն է, որ կոչվում է «Գազպրոմ»:
Եթե անկեղծ լինենք, ապա գործնականում բոլոր հիմքերը կան՝ ասելու, որ «Գազպրոմը» Հայաստանում միայն գազ մատակարարող, ներկրող և վաճառող կառույց չէ, «Գազպրոմը» ըստ էության Հայաստանի կառավարությանը փոխարինող կառույց է: Համենայնդեպս, այն, որ կառավարությունը խոսում է սպառողին գազի գնի նվազեցման մասին անտեղյակությունից, վկայում է այն մասին, որ կառավարություն չկա: Որովհետև «Գազպրոմն» է ասելու՝ կիջեցնի՞ գազի գինը վերջնական սպառողի համար, թե՞ ոչ, կամ՝ ինչքանո՞վ կիջեցնի:
Այս փոքր դրվագը խոսում է Հայաստանի մեծ խնդրի մասին: Հայաստանում չկա հասարակությանը հաշվետու ինքնիշխան կառավարություն, որը կայացնում է հանրային և պետական շահից բխող որոշումներ, ոչ թե հարմարվում է և այդ պետական ու հանրային շահը հարմարեցնում «Գազպրոմի» կամ այլ խոշոր կապիտալիստների որոշումներին՝ լինեն նրանք Ռուսաստանից, Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգից, թե որևէ այլ տեղից:
շարունակությունը՝ 1-in.am-ում: