Ոսկանը, Արսենը, Միշան այլ դեռահասների հետ «ռազբոյ» են արել բերդում գտնվող Խուժին փող «հասցնելու» համար
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց յոթ ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Յոթ ամբաստանյալներից հինգը հանցագործությունների կատարման ժամանակ անչափահաս են եղել, նրանցից մեկը՝ Ոսկան Ոսկանյանը՝ ծնված 1997 թվականին, այս պահին էլ անչափահաս է, նա կալանքի տակ չէ, իսկ մյուսները՝ Արսեն Ավետիսյանը, Միշա Սաղաթելյանը, Թորգոմ Հարությունյանը և Արմենակ Ջավադյանը 1995 թվականին են ծնվել, արդեն 18 տարեկան են, երկու ամբաստանյալները՝ Միքայել Հարությունյանը և Արթուր Արշակյանը, չափահաս են եղել նաև հանցագործություններ կատարելիս:
Խումբը նախնական համաձայնությամբ ու տարբեր կազմով 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կատարել է գողություններ, ավազակային հարձակումներ:
Ամբաստանյալները «համախումբ են» նաև դատարանի դահլիճում: Նրանք, մեղադրվելով բավական լուրջ հանցարարքների համար, դատական քննությանը կարծես առանձնապես լրջությամբ չեն վերաբերվում՝ ուրախանում են դահլիճում նստած ընկերախմբին ու հարազատներին նայելով, ռեպլիկներ են անում, խոսում, իրենց պատկերացրածով՝ սրամտում:
