Ոսկեպարում ականի պայթյունից երկու մարդ է վիրավորվել
Այսօր՝ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում՝ Ոսկեպար գետի ափին, ականի պայթյունից վիրավորվել են Բաղանիս գյուղի բնակիչներ Արշակ Սահակյանը և Արտո Կարապետյանը:
Ոսկեպարի համայնքապետ Երվանդ Եգանյանը, Fnews.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիները գետի հունից շինարարության համար ավազ հանելու համար հատել են սահմանագոտու փշալարը և վիրավորվել ականի պայթյունից։
«Սահմանը, փշալարերը գյուղին շատ մոտ են, մոտ 300 մետր հեռավորության վրա է։ Չգիտեմ ոնց է եղել, փշալարն անցել են, որ գետի հունից ավազ հանեն: Հստակ չեմ կարող ասել, թե ինչ վնասվածք են ստացել, բայց նրանցից մեկի ոտքը, մյուսի էլ ձեռքն է վնասվել: Հիմա հիվանդանոցում են, նրանց կվիրահատեն»,-ասաց գյուղապետը։ Հիմա գյուղում լարված իրավիճակ է, կրակոցներ է, որ հնչում է, հրահանգ ենք տվել տանից որևէ մեկը դուրս չգա, այս մի քանի օրը թող մնան տանը: Այս պահին վիրավորներին տեղափոխել են Իջևանի հիվանդանոց: Հիվանդանոցից մեզ տեղեկացրեցին, որ վիրահատությունը բարեհաջող է անցել:
