«Ով անցյալ չունի,նա ոչինչ չունի»
Դեկտեմբերի 13-ին «Էրեբունի» արգելանոց-թանգարանը ամփոփեց աշխատանքային տարին «Էրեբունի 45» հանդիսավոր միջոցառման շրջանակներում: 1968թ հոկտեմբերի 19-ին թանգարանն առաջին անգամ բացել է իր դռները,ինչն համընկել է Երևանի քաղաքի 2750-րդ ամյակի տոնակատարության հետ,և ահա 45 տարի շարունակ, անում է ամեն բան`անցյալը ճանաչելի դարձնելու,ներկայի նկատմամբ ուշադրությունը խթանելու և ապագայի նկատմամբ պատվախնդիր լինելու ուղղությամբ: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Էրեբունի 45» արխիվային լուսանկարների ալբոմը,հյուրերը իրենց հիշողություններով կիսվեցին ներկաներին հետ: Թանգարանի առաջին տնօրեն Սուրեն Նարիմանյանը, fnews.am-ի հետ զրույցում կիսվեց իր հուշերով, ասելով.«Ով անցյալ չունի,նա ոչինչ չունի,մենք ունենք պատմական հազարամյակների անցյալ,որով հպարտանում ենք»: Սուրեն Նարիմանյանը մշակույթի նախարարության կողմից ստացավ ոսկե մեդալ իր ունեցած ավանդի համար: Շնորհակալագրերի արժանացան բազմաթիվ այլ աշխատակիցներ,իսկ թանգարանի ներկայիս տնօրեն Գագիկ Գյուրջյանը արժանացավ Գր.Նարեկացի հուշամեդալին: «Այս հոբելյանական միջոցառումը անցյալը ամփոփելու,հիշելու կարևորելու համար է,ինչպես նաև կա ապագայի մասին մտորելու և անելիքները կարգավորելու խնդիր»,-պատմեց Գագիկ Գյուրջյանը ու նաև հավելեց,որ կա նոր ծրագիր,որն ընդունվել է քաղաքապետարանի կողմից և այսօր այդ ծրագրի բաղադրիչները կամաց-կամաց իրականացվում են: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Կարինա Սահակյան
