Ո՞վ էր Կրասնոդարի ամենահայտնի «օրենքով գող» Արմեն Հարությունյանը
Ծնունդով Երևանից Արմեն Հարությունյանը, ով քրեական աշխարհում հայտնի էր որպես Արմեն Կանևսկոյ «օրենքով գող» է կարգվել 1997թ.-ին:
Հայտնի է, որ Կանևսկոյին «օրենքով գող» կարգելու արարողությունը գլխավորում էր քրեական աշխարհի առաջնորդներից մեկը` Ասլան Ուսոյանը կամ Դեդ Հասանը:
2 անգամ դատված Հարությունյանի թեկնածությանը կողմ են եղել Կուբանում` Կրասնոդարի երկրամասում հայտնի «օրենքով գողեր» Չիչխենը և Վոլչոկը:
Կրասնոդարի երկրամասի Կանևոսկոյի շրջանում գրանցված Արմեն Հարությունյանը համարվում էր Կուբանի «նայողը» և Դեդ Հասանի աջ ձեռքը տարածաշրջանում:
Տեղեկություններ կան, որ Կանևսկոյը իր հետաքրքրությունները ուներ նավթային բիզնեսում, ինչպես նաև՝ զենքերի վաճառքի, գողությունների, մարդկանց առևանգումների ոլորտներում:
Հարությունյանը շատ մեծ հեղինակություն էր վայելում քրեական աշխարհում և ռուսական իրավապահների տեղեկություններով, հենց իր միջնորդությամբ «գողական թագից» զրկվեց Ալիկ Մինալյանը` Ալիկ Սոչինսկին, ով հետագայում սպանվեց Մոսկվա քաղաքում:
2009 թ.-ին Կանևսկոյը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, սակայն շաքարային դիաբետ ունենալու պատճառով պատիժը կրում էր բանտարկյալների համար նախատեսված Աստրախանի հիվանդանոցում:
Ծանր հիվանդությունից հետո 2010թ.-ի դեկտեմբերին, 40 տարեկան հասակում Արմեն Կանևսկոյը մահանում է:
«Օրենքով գողի» հուղարկավորությունը տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին`Երևանի Շահումյանի գերեզմանատանը:
Կանևսկոյի հուղարկավորությանը մասնակցել է Դեդ Հասանի թոռը և քրեական աշխարհի այլ հեղինակություններ:
Իր վերջին հարցազրույցներից մեկում Կանևսկոյը նշել էր, որ առաջին անգամ դատապարտվել էր 1990 թ.-ին Բելառուսի ժողովրդական դատարանի կողմից` Բելառուսի քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և ազատ է արձակվել 1993 թ.-ին:
