Ովքեր են հասարակության հետ ամենից շատ շփվող պաշտոնյաները
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ամփոփելով անցնող տարին` ցանկանում եմ անդրադառնալ մեկ շատ կարևոր հանգամանքի: Պետական կառավարման արդյունավետության համար չափազանց կարևոր է ուղիղ կապը հասարակության հետ: Այս իմաստով անցնող տարվա հասարակության հետ ամենից շատ շփվող պաշտոնյան իմ կարծիքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով գրեթե ամեն օր Երևանի բակերում էր, երևանցիների կողքին, ով երևանցիներից ուղիղ ստանում էր նրանց հուզող խնդիրներն ու հարցերը և, վերջապես, նա այն եզակի պաշտոնյաներից է, ով իր կառավարման հիմքում դնում է քաղաքացիների տեսակետներն ու կարծիքները:
Շատ կարևոր է նաև պետական կառույցների թափանցիկ աշխատանքը: Այս առումով ամենաթափանցիկ և բաց աշխատող կառույցը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունն է` Աշոտ Ահարոնյանի գլխավորությամբ: Կառույց, որը չնայած այն հանգամանքի, որ ոստիկանությունը ունի գաղտնի աշխատելու հնարավորություն, մաքսիմալ բաց է եղել հասարակության և ԶԼՄ-ի առջև, իսկ քաղաքացիները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ու խնդիրները նույնիսկ skaype-ի միջոցով ուղիղ ներկայացնել ոստիկանության տարբեր պաշտոնյաների:
Ես կարծում եմ, որ ոստիկանության նման ձեռագիրը Վլադիմիր Գասպարյանի բարեփոխումների և պատկերացումների ուղիղ արտացոլումն է:
21-րդ դարում անգնահատելի դեր ունի նաև համացանցը, որտեղ անցնող տարում բաց և հասանելի աշխատել են նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նրանք իրենց դեմքով են ներկայացված ֆեյսբուքում, պատասխանում են իրենց համակարգերին ուղղված ցանկացած հարցի և հասանելի են համացանցի օգտատերերի համար: Կարծում եմ` հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու այդ կարծիքին ընդառաջ գնալու քաղաքականությունը պետք է ընդունեն բոլոր պաշտոնյաները, և սա է ժողովրդավարական երկիր կառուցելու ամենաճիշտ ուղին:
