Ով որ փողը տալիս է, նա էլ պատվիրում է...
Փակ շուկայի շուրջ ծավալվող վրդովմունքը շատ մեծ էր, քանի որ այն ճարտարապետական կայուն արժեք է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը եւ նկատեց, որ Փակ շուկայի դեպքում հաջողություն չգրանցվեց, սակայն Մաշտոցի պուրակը հնարավոր եղավ փրկել: «Ուզում եմ Երեւան եկողը հին Երեւանը տեսնի, սակայն որտե՞ղ են «Սեւան» հյուրանոցը կամ Աբովյան փողոցի Լեզվի ինստիտուտը, կամ Սարյան եւ Եկմալյան փողոցի անկյունում դատախազության շենքը: Մենք պետք է հետամուտ լինենք մեր արժեքների պահպանմանը»,- նշել է նա` հավելելով, որ օլիգարխի դեմ դժվար է պայքարել:
Նա օրինակ բերեց, ըստ որի` օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի կինը մոտեցել է Ծառուկյանին, խնդրել, որ նրա անունը կրող դպրոցի բակում դրվի Հրանտ Շահինյանի արձանը, Ծառուկյանն էլ ասել է, թե անհոգ եղիր: Բայց, ըստ քանդակագործի, սա Ծառուկյանի ցանկությունն է, իսկ մոռանում են, որ սա քաղաք է: Քանդակագործին երբ են ուղարկում քանդակ նայելու.երբ ամեն ինչ արդեն արված է. «Ինչ իմաստ ուներ հինգ մետր անել… Լենինի արձա՞նն է, ինչ է: Հասկացանք` օլիմպիական չեմպիոն է, բայց չէ՞ որ այն պետք է շրջապատի հետ ներդաշնակ լինի, հարմոնիա ստեղծվի՝ մինչդեռ հինգ մետր, ես չեմ ընդունում: ճշմարտությունն այն է, որ ով փողը տալիս է, նա էլ պատվիրում է»:
