Ողբերգական դեպք Վանաձորում. ով է այս տղամարդը
Վանաձորցի 57-ամյա Անդրանիկ Բ.-ն ալկոհոլի ազդեցության տակ է ահազանգել Լոռու մարզի Փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոն եւ ասել, որ պարանը գցել է վիզը, պատրաստվում է ինքնասպանություն գործել:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Անդրանիկ Բ.-ի ահազանգի հետքերով նրա տուն մեկնած փրկարարները ոչ մի պարան չեն հայտնաբերել, փոխարենը տղամարդուն գտել են գինովցած վիճակում, որը դժգոհելիս է եղել երկրի ծանր սոցիալական պայամաններից:
Մեր թղթակցի հետ զրույցում Անդրանիկ Բ.-ն հայտնել է, որ վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, եւ տեսնելով երկրի վիճակը՝ մոտը կյանքին վերջ տալու ցանկություն է առաջանում:
«Էս ժողովրդի վիճակը որ տեսնում եմ, ողբում եմ, ուզում եմ իմ կյանքին վերջ տամ: Ուզում եմ, որ իմ ազգը լավ ապրի, ուզում եմ իմ հայրենիքի, իմ ժողովրդի համար կյանքս տամ: Ողբում եմ իմ ջահելների համար, իմ երիտասարդ երեխեքի համար, որոնք գնում են»,-ասել է տղամարդը:
Ոստիկաններին Անդրանիկ Բ.-ն պատմել է, որ ինքնասպանություն գործելու իր նպատակն է, որպեսզի իր ժողովուրդը լավ ապրի:
«Ես եկել եմ, որ պայքարեմ իմ երեխու համար, քո երեխու համար: Իմ նպատակն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի»,-ասել է գինովցած տղամարդը:
Շուրջ 30 րոպե տևած բացատրական աշխատանքից հետո տղամարդը հանդարտվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 16:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի տներից մեկի բնակիչ Անդրանիկ Բ.-ն փորձում է ինքնասպան լինել:
Անդրանիկ Բ.-ն ահազանգով հայտնել է, որ պարանը գցել է վիզը եւ ցանկանում է կախվել՝ այդ ընթացքում անընդհատ կրկնելով. «Ես հայրենասեր մարդ եմ»:
Շուրջ 20 րոպե է փրկարարական ծառայության աշխատակիցը հոգեբանական աշխատանքներ է տանում տղամարդու հետ՝ փորձելով համոզել նրան հետ կանգնել ինքնասպանություն գործելու իր մտադրությունից, տղամարդը, սակայն, երկար ժամանակ անդրդվելի է մնացել:
