Ողբերգական վթար Երեւանում. «Ռենոն» 20 մետր թռել է ու շրջվել. մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ
Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 05.20-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. «Ռենո» մակնիշի 34 QD 575 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, մոտ 20 մետր թռել ու գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետեւանքով 1 մարդ տեղում մահացել է, իսկ ուղեւորներ 25-ամյա Կարապետ Կ.-ն եւ 29-ամյա Արսեն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող Ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից:
Վիրավորներից Կարապետ Կ-ն վերջերս է վերադարձել Ռուսաստանից, որտեղ նույնպես հայտնվել է ավտովթարի մեջ: Այսօր տեղի ունեցած վթարի ժամանակ նա եւ Արսեն Հ.-ն իրենց դուրս են նետել ավտոմեքենայից: Ներկայումս իրավապահները պարզում են վարորդի եւ մահացածի ինքնությունը:
