«Փակ շուկան» չի մոռացվում. գործարարներն իրենց գրպանի մասին են մտածում (տեսանյութ)
A1plus.am-ը գրում է. «Ճարտարապետների միությանը հուզող ամենամեծ խնդիրներից մեկն այսօր «Զվարթնոց» օդանավակայանի շենքն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Աճառյանի համալսարանի շենքի խնդիրը ևս ճարտարապետը հրատապ է համարում: Ասում է՝ կարծես մարդ մեծ կտորներ իր պատմությունից հանի ու ջնջի, այս գործընթացը նման է դրան. «Կան կառույցներ, որոնց մասին հիշում ենք անցյալով»։ Միությունը պատրաստվում է նամակ գրել Մշակույթի նախարարությանը, որպեսզի մշակութային հուշարձանների ցուցակի մեջ ներառվի «Զվարթնոց» օդանավակայանը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը: Հուսով է, որ այլևս չեն լինի քայլեր, որոնց արդյունքում հասարակությունը զրկվի կարևոր կառույցներից:
Աֆրիկյանների շենքին անդրադառնալով՝ Մկրտիչ Մինասյանը շեշտում է, որ այն վտանգավոր վիճակում էր գտնվում և վերականգնելու համար մեծ միջոցներ կպահանջվեին։ Փողոցը նեղացնելու հաշվին ստեղծել վտանգավոր պայմաններ՝ ճարտարապետն անիմաստ է համարում:
Ճարտարապետների միության նախագահը հիշում է. մի ֆասադ ստեղծելու համար մարդիկ տարիներով նկարել են, իսկ այժմ ձեռքի մի հարվածով վերացվում են կարևոր կառույցները: Շատ շենքերի ձեղնահարկեր խեղաթյուրված են: Պարոն Մինասյանի գնահատմամբ, այնուամենայնիվ, մեր քաղաքը դեռ ռեսուրս ունի և կարող է վերափոխվել: Հուշարձանների պահպանությանն առնչվող օրենքները բավարար են դրանք պահպանելու համար: Խնդիրն այն է, որ օրենքը չենք կիրառում։
«Գործարարները չեն հասկանում, թե ինչն է կարևոր, փորձում են հնարավոր ամեն ինչ անել, որ իրենց գրպանին վնաս չլինի»,-խոսելով նաեւ «Փակ շուկայի» խնդրից՝ նշել է նա:
Երևանի ամենահին՝ Կոնդ թաղամասի առնչությամբ էլ պարոն Մինասյանը ասաց՝ այն պետք է վերափոխել, բայց այդ տեղում դարձյալ բնակելի թաղամաս կուզեր տեսնել:
