Փարիզում գտել են ահաբեկչության հետևանքով մահացած 17-ամյա հայ աղջկա մարմինը
Փարիզի «Բատակլան» համերգասրահում, որտեղ ուրբաթ երեկոյան խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել, գտել են 17-ամյա Լոլա Ուզունյանի մարմինը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենիա» հեռուստաընկերությունը, այդ մասին հայտնի է դարձել գիշերը։
17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում: Լոլան հոր հետ եղել էր ռոք համերգին, երբ ահաբեկիչները ներխուժել էին դահլիճ։
Խառնաշփոթի ընթացքում դստերը կորցրած Լոլայի հայրն ահաբեկչությունից մեկ օր անց կարողացել էր տուն վերադառնալ, սակայն աղջկան դեռ փնտրում էին:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
