Պարոն Միրզոյան, ինչո՞վ օգնենք Ձեզ. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի քննարկված հարցերի քվեարկությանը ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը նախ հիշեցրեց, Սահմանադրության 104-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ըստ որի ԱԺ նախագահն ապահովում է խորհրդարանի բնականոն գործունեությունը:
«Ես ուզում եմ Ձեզ հարց ուղղել, թե ինչու չեք ապահովում ԱԺ բնականոն գործունեությունը կապված այն իրավիճակի հետ, որ պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններ են հավաքվել, բայց հանձնաժողովը չի կարող գործել: Այսինքն՝ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը, որը Դուք հայտարարել եք, որ ստեղծված է և պետք է գործի, որ ունեք քաղաքական կամք, այդ հանձնաժողովը փաստորեն, չունի կազմ և խորհրդարանի ցանկացած հանձնաժողով՝ մշտական, ժամանակավոր, քննիչ, եթե չի գործում նշանակում է, որ խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում, եթե խորհրդարանի որևէ մարմին չի գործում, նշանակում է խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել բնականոն գործունեություն»,- ասաց նա և հարցրեց. «Պարոն Միրզոյա՛ն, ի՞նչն է պատճառը, ինչո՞վ օգնենք Ձեզ, որ կարողանանք ԱԺ բնականոն գործունեությունը ապահովեք»:
Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց, նշելով. «Հարգելի պարոն Էդմոն Մարուքյան, ես Ձեր օգնության կարիքը բնավ չունեմ, կարծում եմ՝ որպես փորձված իրավաբան Դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ-ի նախագահն այդ քննարկվող հարցի առնչությամբ իր լիազորությունների շրջանակում ինչ պարտավոր էր և կարող էր անել՝ արել է, մնացյալը թիվը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը քվեարկվում է ԱԺ լիագումար նիստի ընթացքում»:
