Պաշտոնը «կայֆեր ստանալու» համար չի
Երբ ես երեկ գրեցի Եռաբլուրում պետական պաշտոնյաների էթիկապես սխալ, ոչ ադեկվատ, «ոչ պետական» պահվածքի մասին, շատերը հակադարձեցին՝ «բա լրագրողնե՞րը»: Քանի որ Ֆեյսբուքում բանավիճելու սովորություն չունեմ, այստեղ երկու բառով իմ նկատառումը հայտնեմ: Պետական պաշտոնյաների եւ բոլոր մնացած քաղաքացիների վարքը չի կարող դիտվել նույն հարթության մեջ, գնահատվել նույն չափանիշներով: Եթե մարդն ապրում է (պետք է ապրի, համենայնդեպս) հարկատուների հաշվին, ապա նա պետք է գիտակցի, որ իր կյանքը, իր կենցաղը, իր աշխատանքը գտնվում է մնացած քաղաքացիների, այսինքն՝ այդ հարկերը մուծող մարդկանց սեւեռուն ուշադրության ներքո: Հայաստանում պաշտոնյաները կարծում են, որ իրենք պաշտոններ են զբաղեցնում իրենց «կայֆերի» համար կամ Աստվածն է նրանց շնորհել «աթոռ վայելելու» արտոնությունը:
Բայց նրանք սխալվում են՝ դա ծառայություն է, որը նրանք իրականացնում են մե՛ր, հարկատուներիս հանձնարարությամբ եւ մե՛ր փողերով: Ինչպես եւ ցանկացած ծառայություն, այն պետք է ուղեկցվի դժվարություններով եւ անհարմարություններով: Երբ պաշտոնյան հայտնվում է հասարակական վայրում, շատ բնական է, որ նրա վրա են թափվում լրագրողների բոլոր սուր հարցադրումները, որոնք կապված են հասարակության մեջ շրջանառվող եւ, հնարավոր է, իրենց՝ պաշտոնյաներին բացասաբար բնութագրող տեղեկությունների հետ: Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական ցանկացած երկրում: Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են այդ հարցերի տարափի մեջ եվրոպացի պաշտոնյաները համբերատար տալիս իրենց պատասխանները եւ, որքան գիտեմ, չեն համարձակվում ասել՝ «ես զզվում եմ ձեզնից» կամ՝ «հլը շորերդ դզի»: Լրագրողներն իրավունք ունեն ցանկացած վայրում, ցանկացած միջոցառման ժամանակ հարցեր տալու ցանկացած թեմայով: Որքանով են այդ հարցերը պատեհ կամ անպատեհ, պետք է որոշեն նրանց ընթերցողները, ոչ թե պաշտոնյաները, նրանց PR-իստները կամ երկրպագուները: Լրագրողական էթիկայի եւ պրոֆեսիոնալիզմի մասին նույնպես կարելի է խոսել: Բայց սա այդ առիթը չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
