Պաշտպանության նախարարությունը պայքարում է փողոցային արատավոր բարքերի դեմ
«Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները զինված ուժերում օրըստօրե բարձ հիմքերի վրա են դրվում` շնորհիվ զինված ուժերի ղեկավարության, մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության, վերահսկողական մեխանիզմների ձեւավորման ջանքերի»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ խոսելով բանակում մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակի մասին՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նաև նշեց, որ զինված ուժերում մարդակենտրոն գործունեությունը, իր համոզմամբ, հարցի ամենաճիշտ լուծումն է:
«Մենք զինվորին տեսնում ենք ոչ թե որպես ռեսուրս, այլ որպես կոնկրետ գործոն, որը պետք է զինված ուժերում զարգանա` հենվելով իր պարտականությունների, պատասխանատվության, իր ունեցած իրավունքների վրա, վերադաստիարակվի եւ արժանի ՀՀ քաղաքացի վերադառնա մեր հասարակություն»:
Ինչ վերաբերում է բանակում տիրող բարքերի մասին տեղեկություններին, «յուրաքանչյուր ընտանիք բանակում ունի իր դեսպանը, դա մեր զինվորներն են:
Այդ զինվորները կապ են պահում իրենց հարազատների հետ եւ տեղեկությունների որոշ մասը մենք ստանում են ծնողների միջոցով: Մենք ձգտում ենք, որ մարդը լինի այն իրադարձությունների կենտրոնում, որն այսօր իրականացվում է Զինված ուժերի կողմից»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Բացի այդ, նախարարի խոսքով, կարևոր է նաև ապագա զինվորի դաստիարակությունը մինչև բանակ զորակոչվելը, այդ նպատակով պաշտպանության նախարարությունը 2014 թվականը հայտարարել է փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի:
«Միջանձնային հարաբերություններում խախտումների հիմնական պատճառ են հանդիսանում այդ արատավոր բարքերը, որը բերում է անհանդուրժողականության, այդտեղից էլ ծնվում են հանցագործությունները: Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ անհանդուրժողականության մթնոլորտը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության հասարակության համար:
