Պաշտպանյալս վատառողջ է, ու հայտարարում է որ ինքը մեղավոր չէ
Երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, Fnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել և ժխտել, որ ինքը որևէ զենք, զինատեսակ չի տրամադրել ընդհանրապես որևէ մեկին:
«Զինված խմբի այսպես ասած ղեկավարի Արթուր Վարդանյանի հետ հանդիպել է իմ պաշտպանյալը, բայց հեղաշրջման կամ ահաբեկչությունների հետ կապված բացարձակապես որեւէ զրույց չեն ունեցել»,-ասաց Արսենյանը:
Ի դեպ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը 72 տարեկան է. «72 տարեկան հասակում այդ մարդը ինչ կապ պետք է ունենար զինված խմբի հետ, հիմա պաշտպանյալս առողջական խնդիրներ ունի, վատառողջ է, և պաշտպանյալս հայտարարում է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: 72 ժամը լրանալուց հետո տեսնենք դատարանը ինչ որոշում կկայացնի, որից հետո մենք նոր քայլեր կանենք, ըստ երևույթին միջնորդություն կներկայացնենք»:
Հիշեցնենք, երեկ հերթական աղմկոտ ձերբակալությունները տեղի ունեցան, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության կողմից Երեւանում մեծ շուքով վնասազերծված կազմակերպված հանցավոր խմբի հետ: Ձերբակալվեցին «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: Ըստ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության, նրանք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով: ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ձերբակալվածների բնակարանում եւ Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ (ըստ հարազատների, Մարգարյանի տնից առգրավվել է երկու որսորդական զենք, որոնք օրինական են եղել)։ Այսպիսով, սույն գործով անազատության մեջ գտնվողների պաշտոնապես հրապարակված թիվը հասավ 24-ի:
