Պատանի հայ դաշնակահարները հաղթել են Թուրքիայում անցկացված «Ապագայի արտիստներ» մրցույթ-փառատոնում
Ս. թ. սեպտեմբերի 23-29-ը «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման» ծրագրում ընդգրկված երեք դաշնակահարներ մասնակցել են Մարմարիսում /Թուրքիա/ կայացած «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցել են շուրջ 100 պատանի դաշնակահարներ՝ տարբեր երկրներից: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։
Հայաստանի պատվիրակներ` Արմեն Պուչինյանին (դասատու` դոցենտ Հասմիկ Պետրոսյան), Ռոման Նամալյանին (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) հեղինակավոր մրցութային հանձնաժողովի որոշմամբ շնորվել է 1-ին մրցանակներ, իսկ Արթուր Գրիգորյանը (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) արժանացել է հատուկ մրցանակի` Առնո Բաբաջանյանի «Տոկատին» («Վեց պատկեր» շարքից) ստեղծագործության կատարման համար:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին, որի նպատակն է բացահայտել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական ունակությունների կայացմանը: Ռազմավարական առումով այն կարևորվում է, քանի որ միտված է դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ կատարողական արվեստի մրցունակության ապահովմանը: 2014 թ. ծրագրում ընդգրկված են 15 երաժիշտ-կատարողներ, որոնք ներկայացնում են դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտությունները: