Պատերազմական ռիսկերը պետք է նվազեցնենք՝ նախ ուժեղ լինելով. ՀՀ վարչապետ
Հանրապետական կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ունի հետևողական ծրագիր, որպեսզի հայ ժողովրդի արժանապատվությունն ու դիրքը երբևէ չտուժի: Այդ մասին Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մեր կուսակցության ծրագրում անվտանգության և Արցախի խնդրի լուծման հարցում շատ հստակ ձևակերպում ենք տվել: Ակնհայտ է, որ բոլորս այսօր Արցախին վերաբերվում ենք որպես հայկական աշխարհի մի կտորի, որտեղ որոշվում է մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը, մեր ազգի վաղվա օրը: Այս հարցում ունենք շատ հստակ, հետևողական ծրագիր, որն ուղղված է նրան, որպեսզի մեր արժանապատվությունն ու դիրքը երբևէ չտուժի: Բանակցային գործընթացում ունենալով այդ ուրվագիծը` մենք կարծում ենք, որ կգանք այնպիսի տարբերակի, որպեսզի պատերազմական ռիսկերը նվազեցնենք առաջին հերթին մեր ուժեղ լինելով»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով` եթե վաղը կամ մյուս օրը հակառակորդը վերադառնա բանակցային տրամաբանությանը, իրենք կգտնեն բանակցային այնպիսի տարբերակ, որի պարագայում հայ ժողովրդի ինքնասիրությունը, արժանապատվությունը և մեր ժողովրդի ներքին «Ես»-ը չի տուժի:
«Որքան էլ մենք «պրեսի» տակ ենք ընկել՝ նավթ-գազ չունենք, իշխանավորը լավը չի, ոչ մեկը լավը չի, ոչ ոքի չենք սիրում, սակայն հավաստիացնում եմ, որ մենք շատ մեծ հնարավորություն ունենք՝ ժամանակակից, զարգացած և բարվոք երկիր ունենալու»,- ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ավելին, մենք ինքներս մեզ պետք է «թասիբի» գցենք։ Ինչո՞ւ ուրիշը կարող է, մենք չենք կարող։ Ինչո՞վ ենք մենք մյուսներից պակաս։ Ճիշտ է, մենք պետք է հաշվի առնենք մեր տարածաշրջանը, մարտահրավերները։ Բայց ես շատ հաճախ բերում եմ Իսրայելի օրինակը, որն այս պահին մեզ համար կարող է «թասիբի» գցելու գրգռիչ օրինակ լինել»,- ասաց նա։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը բավական ինտենսիվ բանակցությունների մեջ է Վրաստանի և Ռուսաստանի հետ՝ ճանապարհատրանսպորտային ոլորտում համագործակցության տեսանկյունից։
«Մենք այսօր ունենք որոշակի այլընտրանք, որպեսզի Լարսի արգելափակման ժամանակ օգտագործենք ծովային ճանապարհը։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ այդ տարբերակով ապահով կապ հաստատելու նպատակով։ Մենք շատ քրտնաջան և հետևողականորեն աշխատում ենք այս ուղղությամբ»,- շեշտեց ՀՀ վարչապետը։
