Պատգամավոր Հայկ Սարգսյանն՝ընդդեմ լրագրող Իլոնա Ազարյանի դատավարությունը թեւակոխում է ուշագրավ փուլ
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Ստեփանյանի նախագահությամբ շարունակվում է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի դեմ դատը:
Հիշեցնենք` դատական հայցի հիմքում «Իրավունք» թերթի` մայիսի 14-ին հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով»: Հայցվոր կողմը վիրավորանք եւ զրպարտություն է համարում հոդվածում տեղ գտած ամբողջ տեղեկությունը եւ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում մինչեւ 1 մլն դրամ գումար է պահանջում: Նշենք, որ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերի ներկայացուցիչն է մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, իսկ հայցվոր կողմի փաստաբանն է Տիգրան Հայրապետյանը:

Նկատենք, որ հոդվածագիրը` վերոնշյալ հրապարակումից ընդամենը մեկ շաբաթ հետո Ազգային ժողովում հարցազրույց է վարել պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ եւ ի թիվս այլ հարցերի` փորձել է ինչպես վերոհիշյալ հոդվածում է նշված ստանալ «շրջանատվող» լուրի իսկության վերաբերյալ պատգամավորի պատասխանը: Բայց դա չի խանգարել, փաստորեն, պարոն Սարգսյանին, դիմել դատարան` այդ կերպ փորձելով ճնշել թե լրագրողին եւ, թե կոնկրետ լրատվամիջոցին:
Այսօր կայացած դատական նիստի ընթացքում ավարտվեց նախապատրաստական փուլը, դատարանը կողմերի միջեւ բաշխեց ապացույցների բաշխման բեռը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեբերի 19-ին, ժամը 16-00-ին:
Այսօրվա դատական նիստի, հայցի առարկայազուրկ լինելու մասին, եւ առհասարակ տարբեր դատական հայցերով «Իրավունք» թերթին լռեցնելու` իշխանականների փորձերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել նք «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերի ներկայացուցիչն է մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆի հետ:
