ՊԲ զինծառայող Սուրեն Փիլոսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով
Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սուրեն Փիլոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Ինչպես տեղեկացրել էր ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը՝ հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
