Պերմյակովի գործով ի՞նչ արեցին, որ աշխատանքային միգրանտների խնդրով զբաղվեն. Փոստանջյան (Video)
1in.am-ը գրում է. «ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների խնդրով զբաղվելը, իրավունքները պաշտպանելը նույնպես պետական համապատասխան մարմինների գործառույթն է, որը նույն տիրույթում է գտնվում»,- կառավարության դիմաց պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ կարող են անել մեր քաղաքացիները, որպեսզի մուտքի արգելքը ուժը կորցնի, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ մեր ազգային շահը մենք պետք է հետապնդենք ամենուր և թույլ չտանք, որպեսզի համատարած մեր իրավունքները ոտնահարվեն:
Նա ընդգծեց, որ այս պահին մեր ինքնիշխանությունը գրեթե բացակայում է, ոտնահարվում է, և ոչ միայն ՌԴ-ում, այլև ՀՀ-ում, և կրկին ՌԴ-ի կողմից:
Ըստ նրա՝ շատ կարևոր և ցայտուն խնդիր է այն, որ այս պահին Պերմյակովը ռուսական 102-րդ ռազմաբազայում պահվում է ապօրինի. «Սա ուղղված է մեր ինքնիշխանության դեմ: ՀՀ-ում չեն գործում քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, մենք պաշտպանված չենք, չենք կարողանում քննություն իրականացնել: Այս ապօրինությունների շարքին պետք է պետական մակարդակով գնահատական տրվի»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ այս պահին մեր պաշտոնյաները անգամ խուսափում են խոսել Պերմյակովից, իսկ գլխավոր դատախազի՝ ՌԴ պաշտոնակցին ուղղված դիմումի բովանդակությունը պարզ չէ, արձագանք էլ չկա:
