Պերմյակովի մոտ նամակ են հայտնաբերել. Փաստաբանները նոր մանրամասներ են ներկայացնում.VIDEO
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրին Ավետիսյանների սպանության գործի զարգացումները՝ ստացված փորձագետների եզրակացության հիման վրա:
Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ հայկական կողմի հոգեբուժական և հոգեկան վիճակի մասին փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է՝ Վ. Պերմյակովն ունի հոգեկան լուրջ խնդիրներ, սակայն նա մեղսունակ է, այսինքն՝ հանցագործ է և ենթակա է քրեական պատասխանատվության.
«Հայկական կողմը հանգել է հետևության, որ փորձաքննող Պերմյակովին հատուկ են իմպուլսիվությունը, կամակորությունը, եսակենտրոնությունը, իրավիճակային ագրեսիվությունը, բռնկողականությունը, երևակայությունը, հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարությունները, շտապողականությունը՝ դյուագրգռության համակցումով: Եվ հոգեբաններն ու հոգեբույժները եկել են եզրահանգման, որ հենց նման հատկանիշներով է պայմանավորված նրա վարքը»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ սպանությանից հետո կատարվել է խուզարկություն և Պերմյակովի մոտ նոթատետրի մեջ մի նամակ է հայտնաբերվել՝ ուղղված իր ծնողներին, որտեղ նա նշում է, որ այն ինչ կատարվել է, դա ինքը չի արել, այլ արել է իր մեջ գտնվող մարդը:
«Երբ փորձաքննության ընթացքում ներկա էինք, և նա պատասխանում էր հոգեբույժների ու հոգեբանների հարցերին, շատ տարօրինակ տպավորություն էր մեզ մոտ, որովհետև մի առումով նա շատ խղճալի վիճակում էր, որովհետև ասում էր.ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես սպանեցի երեխաներին, որովհետև նրանք ինձ համար ծաղիկներ են ու շատ եմ սիրում նրանց, մյուս դեպքում էլ ժպիտով աում էր, որ արել է, այդպես է ստացվել»,-նկատեցԼուսինե Սահակյանը:
