Պետական գաղտնիքի տիրապետող անձինք կզրկվեն լրացուցիչ վարձատրությունից
Կառավարության այսօրվա նիստին փոփոխություն կատարվեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում: Նախագիծը զեկուցող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար սահմանված է լրացուցիչ վարձատրություն: Օրենքի նախագծով առաջարկվում է հանել լրացուցիչ վարձատրության կետը: Հարկ է նշել նաև, որ ըստ հանրապետական գործադիր մարմիններից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկատվության՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման և պաշտպանության համար տրված հավելումների գումարը 2015 թվականին կազմել է 69.4 մլն դրամ, իսկ 2016 թվականի 1-ին կիսամյակում՝ 32.մլն դրամ:
