Պետական նմուշի դիպլոմ չստացած մասնավոր բուհերի շրջանավարտներին հնարավորություն կտրվի ստանալ այն
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կլուծվի տարբեր տարիներին մասնավոր բուհերում սովորած այն ուսանողների դիպլոմների հարցը, որոնք անցողիկ չեն եղել ո՛չ ՀՀ-ում, ո՛չ արտերկրում: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ օրենքով սահմանվել է, որ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ:
2013թ.-ին նշված գործընթացի համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետների ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարություն էին դիմում ոչ պետական բուհերի նախորդ տարիների բազմաթիվ շրջանավարտներ, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել իրենց ոչ պետական նմուշի դիպլոմը փոխարինել պետական նմուշի դիպլոմով:
