ՊԻՏԻ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԱՍԵՆՔ՝ Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ ՀԱՊԿ-Ը ՀՀ-Ի ՀԱՄԱՐ
ՀԱՊԿ-ի մասին խոսելիս նախ պետք է հասկանալ՝ ինչ է ՀԱՊԿ-ը առհասարակ։ Պետք է հասկանալ ինչ է ՀԱՊԿ-ը որպես կառույց, որպեսզ կազմակերպություն, ինչ է ՀԱՊԿ-ը ներկայիս իրողությունների մեջ Հայաստանի Հանրապետության համար։ Պետք է անկեղծ լինենք ու խոստովանենք, որ Հայաստանը միշտ դիտարկել է այս կազմակերպությունը որպես Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական ու ռազմաքաղաքական համագործակցության ևս մի կամուրջ ունենալու հնարավորություն՝ շատ լավ հասկանալով, որ ՀԱՊԿ անդամ շատ երկներ չեն կարող Հայաստանի համար լինել անվտանգության երաշխիք։
Այս մասին քիչ առաջ «ՀԱՊԿ գագաթաժողովը և Հայաստանը․ գործո՞ն, թե՞ գործիք» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Հիմա ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում վերջին տարիների ընթացքում։ Մենք միշտ կառուցել ենք անվտանգային համակարգ, իսկ ՀԱՊԿ-ը որպես այդ անվտանգության համակարգի մի մաս, եղել է ընդամենը խնդիրների մի շրջանակ, որը պիտի լուծել։ Անկախ ամեն ինչից, անկախ լավից ու վատից, ՀԱՊԿ-ը եղել է, ծառայել է մեր անվտանգության համակարգին։ ՀԱՊԿ-ը արժեքավոր է եղել զուտ որպես Հայաստանի անվտանգության համակարգի մի մասնիկ, այլ ոչ թե որպես երաշխավոր, ինչպես փորձում է ներկայացնել Հայաստանի այս իշխանությունը։ ՀԱՊԿ-ը, այո, կարևոր մասնիկ է եղել, բայց ոչ այնքան կարևոր, որքան հայկական բանակն է եղել։ Կարևոր մասնիկ է եղել, բայց ոչ այնքան, որքան հայ-ռուսական ռազմական համագործակցությունը։ Իմ անձնական կարծիքով՝ այս իշխանությունները իր սեփական անտաղանդությունը մեղմացնելու համար է ամեն ինչ գցում ՀԱՊԿ-ի վրա, որպեսզի քողարկի, կրկնեմ, իր անտաղանդությունը։ Այդպես են անում, որպեսզի Փաշինյանն էլ կանգնի ու ասի՝ ադրբեջանցիները հասել են Ջերմուկ, որովհետև ՀԱՊԿ-ը կարող էր մեզ փրկել, բայց չփրկեց»,- հավելեց նա։