Պլասիդո Դոմինգո Կրտսերը համերգներով հանդես կգա Երեւանում եւ Ստեփանակերտում
Հայտնի երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Պլասիդո Դոմինգո Կրտսերը Երեւանում է: Նա առաջին անգամ է լինում հայաստանում եւ տպավորիչ հյուրընկալության է արժանացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պլասիդո Դոմինգոն: Նա տեղեկացրեց, որ վաղը համերգով հանդես կգա Ստեփանակերտի մշակույթի տանը, նոյեմբերի 21- ին՝ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, իսկ նոյեմբերի 22-ին՝ Մեցցո ակումբում: «Արցախում ներկայացվելիք երգերը համահունչ են լինելու իմ նոր ձայնասկավառակին, մի քանի արգենտինական տանգոներ եմ երգելու: Կփորձեմ նաեւ մի երգ կատարել Շառլ Ազնավուրից»,- ասաց Դոմինգոն: Նրա խոսքով` երաժշտությունը միջազգային լեզու է, որը պետք է լսես սրտով, հասկանաս հոգով:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ է մտածում Ադրբեջանի «սեւ» ցուցակի մասին, որում ներառել են նաեւ իրեն, երաժիշտը կատակեց՝ ասելով, որ գաղափար անգամ չունի տեղի քաղաքականության մասին, եւ եթե ծխախոտ եւ սուրճ ունենա, պատրաստ է գիշերել այնտեղ, միայն թե հաջորդ օրն իրեն չգնդակահարեն: