Փորձաքննությունների ազգային բյուրոյի բաժնի պետը կկանգնի դատարանի առջև
Փաստինֆոն գրում է.
ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի բաժնի պետ, 74-ամյա Ցոլակ Գևորգյանի դեմ առևտրային կաշառք ստանալու վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան:
Ըստ գործի նյութերի, ՓԱԲ բաժնի պետը 11.09.2013թ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժանմունքում քննվող գործի շրջանակում Հ.Ջաբրելյանի օգտին փորձաքննություն կատարելու և բարենպաստ եզրակացություն տալու համար Ռ. Մարգարյանից 17.02.2014թ իր աշխատասենյակում պահանջել և ստացել է 500 ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, ըստ մեղադրանքի, դեպքի առթիվ քննվող քրեական գործով նշանակված լրացուցիչ փորձաքննության շրջանակներում 14.03.2014թ. պատրաստել և կազմել է փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացություն:
Ցոլակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առևտրային կաշառք ստանալը, 338-րդ հոդվածի 1-ին մասով՝ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Իսկ Այգեզարդ գյուղի 54-ամյա բնակիչ Ռադիկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից:
Երկու մեղադրյալների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
