Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար 53-ամյա տղամարդը դատապարտվեց տուգանքի
Փաստինֆոն գրում է.Դատարանն այսօր 200 000 ՀՀ դրամ տուգանքի դատապարտեց պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ մեղադրվող 53-ամյա Նիկոլային:
Դատարանի դատավճռով ամբաստանյալը սահմանված տուգանքը կվճարի մաս-մաս՝ 10-ն ամսվա ընթացքում, իսկ իրեղեն ապացույց ճանաչված ամսագրերը կոչնչացվեն:
Այսօրվա դատական նիստում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց և միջնորդեց գործը քննել արագացված ընթացակարգով և հայտարարեց, որ այդ ամսագրերն ինքը ձեռք չի բերել վաճառելու նպատակով և որ իրեն է փոխանցել իր ծանոթներից մեկը, ով տարիներ շարունակ իրենից գրքեր է գնել:
Ամբաստանյալն ամուսնացած չէ, երեխաներ չունի, շաբաթ և կիրակի օրերին «Վերնիսաժ»-ի տոնավաճառում գրքեր է վաճառում, նրա խնամքին է 2-րդ կարգի հաշմանդամ մայրը, ով տառապում է շաքարային դիաբետով:
Մեղադրողը հրապարակեց մեղադրական դատավճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ Նիկոլայը իրացնելու նպատակով ձեռք է բերել պոռնկագրական նյութեր պարունակող թվով 17 հատ «Sublie M 5», «DEBAUCHES», «Fantastic», «WXTAZE», «EXTASY» տպագիր հրատարակություն հանդիսացող ամսագիր, որոնցում կոպիտ, գռեհիկ, նատուրալիստական ձևով մանրակրկիտ ցույց են տրվում սեռական ակտի անատոմիական, ֆիզիոլոգիական մանրամասները:
Ամսագրերից մեկը, առևտուր կատարելու եղանակով, 2014թ. հունիսի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Վերնիսաժ» տոնավաճառում ապօրինի տարածել է` վաճառելով մի քաղաքացու:
Մեղադրող դատախազը, պնդելով մեղադրանքը, միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակել տուգանք՝ 200 000 ՀՀ դրամի չափով:
Պաշտպանական կողմն էլ, իր հերթին ճառով հանդես գալով, դատարանին խնդրեց սահմանված պատժից նվազ պատիժ նշանակել:
Պաշտպանը նաև դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի անձը բնութագրող փաստաթղթեր՝ մասնավորապես տրված «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի նախագահ Մանվել Գրիգորյանի և N զորամասի հրամանատարի կողմից:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
