Պորտից ներքև ասել եմ չիջնեք.Վ. Այվազյանը՝ Փոստանջյանին
Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ խորհրդարանական լսումներին իր ելույթում շեշտեց, որ կան հայտնի փաստեր, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է և ծնվել է ի հակադրություն ԵՄ-ի։
Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ ՌԴ-ն այս քսան տարիների ընթացքում պուտինյան ղեկավարության չեկիստական պետության է վերածվել. «Այդ անդամակցությունը որևէ օգուտ մեզ չի տալու, այս պետությունը մեզ համար հուսալի տնտեսական պարտնյոր չի կարող լինել, այդ պետության օլիգարխներն ուղղակի բազմապատկվում են, իր ժողովրդի համար էլ է դարձել չարիք»:
Փոստանջյանը շեշտեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը, մինչ այս կամ այն միությանն անդամակցելը, պարտադիր պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը. «Փաստորեն Հայաստանը թույլ է տալիս Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին ազատ մուտք ունենալ մեր սահմանին»,-ասաց նա։
«Հորդորում եմ բոլոր պատգամավորներին՝ դեմ քվեարկել այս համաձայնագրին, ովքեր դեմ չքվեարկեն, կգիտակցվեն որպես պետական դավաճաններ»,-ասաց Փոստանջյանը:
Ընդդիմադիր պատգամավորի ելույթին արձագանքեցին «Հանրապետական» խմբակցության պատգամավորները: Նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը Զարուհի Փոստանջյանին հորդորեց կոռեկտ խոսել:
«Պորտից ներքև, ասել եմ, չիջնել»,-հայտարարեց նիստը նախագահող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Դա էլ մեր դժբախտությունն է, ի՞նչ անենք»,- արձագանքեց նաև մյուս նախագահողը՝ Արտակ Զաքարյանը:
Հաջորդը ելույթ էր ունենում ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով ելույթը սկսելուց առաջ նկատեց. «Ինչ ցավալի կլիներ, եթե 2013թ. նախագահի ընտրություններին հաղթեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա ուղղակի դիտարկում»:
