Փոստանջյանը թռուցիկներ է բաժանում ԱԺ-ում
Shabat.am-ը գրում է. ԱԺ-ն այսօր շարունակեց «ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» փաստաթղթի քննարկումները:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հարց ուղղելով պայմանագիրը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, հետաքրքրվեց,թե ինչ մեթոդներով են հաշվել այն առավելությունները, որոնք մենք պետք է ստանանք ԵՏՄ-ից. «Որ մեթոդներով է կառավարությունը հաշվել արտաքին առևտրի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Ես ունեմ 44 հարց, բայց կտամ 4 հարց: Ասում եք՝ մտնում ենք 150 մլն-ոց շուկա, այդ դեպքում ի՞նչ երաշխիք ունեք, որ նոր ներդրումներ կստանանք, այլ ոչ թե հակառակը՝ կկորցնենք բոլորը»:
Սուրեն Կարայանը հայտարարեց, որ հաջորդ տարվա ՀՀ բյուջեով կանխատեսում են 4.1 տոկոս տնտեսական աճ: Իսկ տնտեսական այն աճերը, որոնք մենք կանխատեսում ենք ԵՏՄ մտնելով, կկազմեն ՀՆԱ-ի 1.2-2.5 տոկոսը: Դրա արդյունքները շոշափելի կլինեն սկսած 2016թ.»:
Մինչ Հրանտ Բագրատյանը արձագանքում էր փոխնախարարին, այդ ընթացքում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց պատգամավորների շարքերով անցնել ու հերթով բոլորին բաժանել թերթիկներ: Դրանց բովանդակությունը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ ԵՏՄ վերաբերյալ հայտարարությունն էր: «Դադարեցրեք ձեր գործողությունները, թռուցիկներ բաժանելը ապօրինություն է: Լավ շարունակեք, պարոն Կարայան, միևնույն է՝ տեղ չի հասնում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը թերթիկներ տվեց նաև ԱԺ նախագահությանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արհամարհանքով վերցրեց թուղթը, իսկ Գալուստ Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովը սկսեցին ծիծաղել Զարուհի Փոստանջյանի գործողություններին հետևելով: «Սա արդեն բեսպրեդելն է»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
