Փոխնախարարը չի հերքում՝ նախարարությունների միավորման արդյունքում կրճատումներ կլինեն
Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր հույս հայտնեց, որ ԱԻՆ-ի հետ միավորվելուց հետո, նորաստեղծ կառույցն «ավելի արդյունավետ կաշխատի»: Այս մասին փոխնախարարը հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ հույս հայտնելով, որ տարածքային կառավարման նախարարության կադրային ռեսուրսը մեծ մասամբ կպահպանվի:
«Կարծում եմ կրճատում չի լինի, կրճատվելու են միայն այն ֆունկցիոնալ բաժինները, որոնք կկրկնեն իրար»,- ասաց Վաչե Տերտերյանը:
Հարցին, թե ինքն անձամբ նման միավորման անհրաժեշտություն տեսնու՞մ էր, փոխնախարարը հարցով պատասխանեց. «Դա փաստ է, չէ՞»:
Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը որոշել է միավորել արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները մեկ գերատեսչության կազմում, որը կրելու է «Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» անունը:
Ի դեպ, նախկինում նման փորձ արդեն եղել է, բայց այն նույնիսկ մի տարվա կյանք էլ չի ունեցել: 1998 թ. նոյեմբերի այս նախարարությունը վերանվանվել է Տարածքային կառավարման եւ օպերատիվ հարցերի նախարարություն, իսկ ամիսներ անց՝ 1999 թ. հունիսին, դարձյալ դարձել է Տարածքային կառավարման նախարարություն:
Եվս մեկ տարի անց՝ 2000 թ. փետրվարին, նախարարությանը վերագրվել են արդեն քաղաքաշինության լիազորություններ, և այն համապատասխանաբար վերանվանվել է Տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն: Եվս մեկ տարի անց դարձյալ որոշվել է քաղաքաշինությունն առանձնացնել և թողնել միայն տարածքային կառավարման ֆունկցիան:
Ավելի ուշ այս նախարարությունը կոչվել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարություն, իսկ 2005 թվականիցից ի վեր՝ Տարածքային կառավարման նախարարություն:
