Պուտինի եւ Կադիրովի «գայլերը» հրաժարվեցի՞ն Հայաստանից
Lragir.am-ը գրում է .
Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Լեւոն Մուքանյանը Ազատություն ռադիոկայանին ասել է, թե ռուսական «Գիշերային գայլեր» բայքերական խմբավորման Հայաստան եւ Արցախ այցի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, «Գիշերային գայլերը» չեն գալու Հայաստան, այլ Հայաստան են գալու սովորական մոտոզբոսաշրջիկներ, որոնց պարզապես աջակցում են «Գիշերային գայլերը», այն էլ Ռուսաստանի տարածքում:
«Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը շեշտում է, որ իր գործընկերոջ՝ Սերգեյ Սաժումյանի նախօրեին հայկական մամուլում տեղ գտած հայտարարությունը ճիշտ չեն մեկնաբանել: Մուքանյանը նշում է, որ Հայաստան այցելող մոտոցիկլավարների խումբը ղեկավարելու է Զորիկ Թովմասյանը, մոտոարշավը կրում է «Մենք խաղաղության կողմնակից ենք» կարգախոսը: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ նույն Զորիկ Թովմասյանը իր խմբի մյուս անդամների հետ միասին միևնույն ժամանակ հանդիսանում են «Գիշերային գայլեր» ակումբի անդամներ, Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալը դժվարացավ պատասխանել: Մուքանյանը ասաց, թե չի հասկանում՝ ինչու են բացասական լույսի տակ ներկայացնում «Գիշերային գայլերի» գործունեությունը: Նրա խոսքով՝ շատ էլ մեծ իրադարձություն կլիներ, եթե Պուտինի ընկերոջ ղեկավարած ակումբը պաշտոնապես այցելեր Հայաստան ու Ղարաբաղ», ասվում է Ազատության ռադիոկայանի հրապարակման մեջ:
«Գիշերային գայլերի» այցի մասին հայտարարել էր Հայաստանում Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Սերգեյ Սաժումյանը: «Մենք նախատեսում ենք, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Բագրատաշենի սահմանային անցակետում կլինեն հուլիսի 31-ին, սակայն չենք բացառում, որ նրանք կարող են ժամանել նաև հաջորդ օրը` օգոստոսի 1-ին. Ռուսաստանի Դաշնությունում եղանակային պայմանները այնքան էլ հաջող չեն», հղում անելով Artsakh Press-ին գրում է armedia.am-ը:
«Գիշերային գայլերը» ՌԴ նաագահ Պուտինի ընկերներն ու նրա կայսերա-եվրասիական նախագծերի ոչպաշտոնական դրոշակակիրներից են, նաեւ Չեչնիայի նախագահ եւ Պուտինի ոչ պաշտոնական խոսնակ Կադիրովի սիրելիները, այլ կերպ ասած՝ ռուսական մեծապետականության մի մասը երկու անիվների վրա: Մայիսին, օրինակ, Եվրոպական երկրները հենց այդ պատճառով արգելեցին նրանց եվրոպական արշավը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ:
«Գայլերի» Հայաստան եւ Արցախ գալու մասին տեղեկատվությունից հետո բողոքել էր Ադրբեջանը, իր դժգոհությունը հայտնելով «Պուտինի ընկերների» այդ մտադրության կապակցությամբ:
Եվ ահա այդ բողոքից հետո պարզվում է, որ եկողները նրանք չեն՝ նրանք չեն գալիս, տեղեկատվությունը «թյուրիմացություն» է: «Գիշերային գայլերի» մամուլի քարտուղարը հայտարարել է, որ իրենց կառույցը Հայաստան չի գնում, գնացողները սովորական զբոսարջիկներ են, որ կապ չունեն իրենց հետ:
Կապ ունեն, թե ոչ, էական չէ: Այս դեպքում էականն այն է, որ «Գիշերային գայլերը» Ադրբեջանի բողոքից հետո հրաժարվում են, թե կապ ունեն դեպի Հայաստան ու Արցախ մոտոարշավի հետ:
Փաստորեն տեղի է ունենում պարադոքսալ ու բացառիկ մի բան: Ռուսաստանի հայերի միությունը կազմակերպում է Գիշերային գայլերի արշավ Հայաստան, իսկ Ադրբեջանն իր բողոքով ակամայից պաշտպանում է Հայաստանի ու Արցախի պետական արժանապատվությունը, զերծ պահելով հայկական պետությունները ռուսական կայսրության անիվերից, գոնե այս դեպքում:
Հայաստան մոտոարշավը գլխավորող այսպես ասած մոտոզբոսաշրջիկների ղեկավար Զորիկ Թովմասյանը ասել է, թե Գիշերային գայլերը Հայաստան գալուց հրաժարվել են, ասելով, թե այցը կքաղաքականացվի եւ դրա համար էլ զերծ կմնան այդօրինակ նախաձեռնությանը մասնակցելուց: «Կապված Երեւանում վերջին բողոքների հետ, ռուսական բայքի ներկայացուցիչները որոշել են, որ մոտովազքը կարող է ընկալվել որպես քաղաքական ակցիա», հայտարարել է Թովմասյանը:
Փաստորեն, Բաղրամյան պողոտայի շարժումը մեծ հաշվով լինելով մարած, այդուհանդերձ լուծում է Հայաստանի համար եւս մի խնդիր՝ կանխում է «Գիշերային գայլերի» արշավը:
Այդ արշավը կանխելու հարցում սակայն կա գուցե մեկ այլ հանգամանք էլ, որը կապ չունի Ադրբեջանի բողոքի կամ Բաղրամյան պողոտայի շարժման արձագանքների հետ: Խոսքը Վրաստանի մասին է: «Գիշերային գայլերը» Հայաստան գալու համար պետք է անցնեին Վրաստանի տարածքով: Իսկ այնտեղ «գայլերին» մեղմ ասած այնքան էլ չեն սիրում: Մայիսին, երբ «գայլերը» թիրախավորել էին Եվրոպան կամ այսպես ասած «ոչռուսական տարածությունը», նրանք փորձեցին հայտնվել նաեւ Վրաստանում, բայց այնտեղ եղան մի քանի կոնֆլիկտներ, որի հետեւանքով անգամ քրեական գործեր հարուցվեցին իրենց ագրեսիվ պահած «գայլերի» դեմ, երբ նրանք հարվածել էին իրենց արշավը արգելակող Վրաստանի բնակիչներին:
Այնպես որ հավանական է, «գայլերի» համար խոչընդոտ է եղել Վրաստանը, համենայն դեպս դա էլ եղել վճռորոշ գործոններից մեկը, որ նրանց ստիպել է հրաժարվել Արա Աբրահամյանի նախաձեռնությունից, առաջարկից կամ գաղափարից:
Իհարկե դժվար է ասել, թե արդյո՞ք հրաժարումը վերջնական է, թե՞ այդուհանդերձ հայերը, հատկապես Արա Աբրահամյանի գլխավորությամբ, կանեն ամեն ինչ, որպեսզի ռուսական կայսրության անիվները հատեն Հայաստանի սահմանը:
Ավելին, չի բացառվում նաեւ, որ նախաձեռնությունը հետաձգվել է ընդամենը քողարկման համար, որպեսզի «գայլերը» Հայաստան գան «գառան» դիմակով, իսկ այստեղ արդեն հանեն դիմակները:
