Պուտինը երաշխիքներ է տվել Ալիեւին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ եթե տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ սկսվի, ապա հարկ կլինի վերջակետ դնել բանակցությունների վրա:
Ուորլիքը զգուշացրել է, որ եթե Հայաստանը Բաքվի պես հրաժարվի ԵԱՀԿ-ից ու դիմի Ռուսաստանի միջնորդությանը, ապա լայնամասշտաբ պատերազմ է սկսվելու: Հայաստանի ղեկավարությունը դրանից խուսափելու հնարավորություններ ունի՞:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողի գրասենյակի փակման մասին, ԵԱՀԿ շտաբ-բնակարանից ուշագրավ հայտարարություն հնչեց: ԵԱՀԿ ներկայացուցիչն ակնարկեց, որ դա Բաքվի ընտրությունն է, սակայն այնտեղ պետք է հասկանան, որ դադարում են լինել անվտանգության գլոբալ համակարգի մասը: Այլ խոսքով, ԵԱՀԿ-ն զգուշացնում է, որ Ադրբեջանն այլեւս չի կարող հույս դնել անվտանգության համաեվրոպական բաղադրիչի վրա:
Հիմա էլ նույն նախազգուշացումն Ուորլիքը Հայաստանին է անում: Հայաստանը կարո՞ղ է առանց անվտանգության համաեվրոպական բաղադրիչի, եւ առհասարակ, Հայաստանում գնահատվու՞մ է ԵԱՀԿ նշանակությունը պատերազմի զսպման ու հայկական հանրապետությունների տարածքային ամբողջականության պահպանման գործում:
Ցավոք, Հայաստանում ու Ադրբեջանում շատ բան գնահատվում է ոչ թե ազգային, այլ անձնական անվտանգության տեսանկյունից: Օրինակ, ադրբեջանական մամուլում հայտարարվում է, որ ԱՄՆ-ը որոշել է տապալել Ալիեւին: Նշվում է, որ Պուտինն Ալիեւին իշխանության պահպանման երաշխիքներ է առաջարկել: Հանուն դրա Ալիեւը իբր պատրաստ է ճանաչել Ղարաբաղը (ճիշտ է, ԼՂԻՄ սահմաններում) եւ միանալ Եվրասիական միությանը:
Հայաստանում նման մի բան տեղի ունեցավ 2 տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարվել եվրոպական ասոցիացիայից: Փաստորեն, այդ ժամանակ Սարգսյանի իշխանության պահպանման գինը Հայաստանի անդամակցությունն էր Եվրասիական միությանը: Հիմա Պուտինը ցանկանում է «գնել» Ադրբեջանը, եւ Ալիեւը, ըստ երեւույթին, պատրաստ է դրան հանուն իշխանության պահպանման:
մանրամասները`lragir.am-ում:
