Պուտինը շտապ պետք է ժամանի Գյումրիի ռազմակայան
Lragir.am-ը գրում է .
Կիրակի օրը Գյումրիի ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը Գյումրիի փողոցներում հարբած վարել է իր մեքենան եւ հարվածել մի քանի մեքենաների, դրանց տերերին պատճառելով նյութական վնաս: Բարեբախտաբար, այս անգամ զոհեր ու վիրավորներ չեն եղել:
Հիշվում է՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի կոտորածից հետո ռուսական կողմն ասում էր, թե փոխելու են ռազմակայանի կազմը եւ բերելու են պայմանագրային զինծառայողների: Դա բացատրում էին նրանով, որ պայմանագրային զինծառայողներն իբր ավելի կարգապահ ու հանգիստ կլինեն:
Հայտնի է դարձել, որ ձերբակալվել է Հարավային օկրուգի, որի կազմում է Գյումրիի բազան, մատակարարման պատասխանատուն, ով յուրացրել է զինծառայողների սննդի համար նախատեսված ահռելի գումարները: Գյումրիի ռազմակայանի զինծառայողները փաստորեն թերսնվում են, եւ հաճախ են դուրս գալիս քաղաք՝ սնունդ գտնելու: Պատմությունից հայտնի է, որ այդպես սովորաբար անում են զավթիչ բանակների զինվորները:
Մի քանի տարի առաջ այցելելով Գյումրիի ռազմակայան, Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Կովկասից երբեք չի հեռանա: Համարվում է, որ Գյումրիի ռազմակայանը «ծածկում» է ողջ Մերձավոր Արեւելքը եւ ունի ռազմավարական նշանակություն:
Սակայն, այնտեղ տիրող բարքերը վկայում են, որ ռազմակայանում ամենաիսկական բարոյալքման իրավիճակ է: Իսկ դա իր հերթին վկայում է Ռուսաստանի պետության իրական վիճակի մասին:
Ռազմակայանն ի վիճակի չէ լուծել քիչ թե շատ լուրջ ռազմա-քաղաքական խնդիրներ, դա ակնհայտ է դարձել միջազգային ասպարեզում Ռուսաստանի ներկայիս իրավիճակից: Պարզ է դարձել նաեւ, որ ռազմակայանը չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխիք: Ավելին, նկատելի է, որ բազայի գործառույթները խիստ նեղացել են, եւ այն ներկայում ուղղված է Վրաստանի դեմ, իսկ որոշակի պահերի՝ Հայաստանի շահերի դեմ:
Փոխարենը, ռազմակայանն իսկական պատուհաս է դարձել Գյումրիի ու նրա բնակիչների համար: Բազմաթիվ սպանություններ, արտակարգ պատահարներ, որոնց զոհ են գնացել նաեւ երեխաներ, խուլիգանություն եւ այլն:
Ռուսական բազաներ աշխարհում քիչ են մնացել, իսկ եղածն էլ հայտնվել է վտանգի տակ: Օրինակ, Տաջիկստանում ու Կիրգիզիայում հարձակումներ են եղել ռուսական բազաների վրա, կան զոհեր ու վիրավորներ: Դրանք դարձել են թիրախ՝ դրանից բխող հետեւանքներով:
Հայաստանում հակառակն է՝ բազան ինքն է հարձակվում հայերի վրա եւ տարածքներ նվաճում: Հայերի «դարավոր իմաստությունն» այս հարցում դրսեւորվում է ողջ հմայքով՝ ոչ մի «պատասխան գործողություն»: Շատերը համոզված են, եւ ոչ առանց հիմքի, որ ռուսական կողմը թերեւս շատ կցանկանար նման բան՝ բազայի զինծառայողների պահվածքն «արդարացնելու» համար:
Ռուսաստանը ներկայում նահանջում է բոլոր աշխարհքաղաքական ուղղություններով, եւ Կովկասը բացառություն չէ: Այստեղ քիչ ինչ ավելի ուշ է դա տեղի ունենալու: Դա է Ռուսաստանի ներկայիս քաղաքականության տրամաբանական զարգացումը:
Այնպես որ, Պուտինը պետք է շտապ այցելի ռազմակայան, եթե այն դեռ ինչ որ նշանակություն ունի Ռուսաստանի իմիջի համար: Կամ էլ, թեկուզ նահանջը արժանապատիվ կազմակերպելու համար:
