«Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ C»-ի տարածման դեպքով հետաքննությունը դեռ չի ավարտվել
ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ C»-ի վարակի տարածման վերաբերյալ նյութեր ոստիկանությունից առ այս պահը չեն ստացել: Ասել է թե ոստիկանությունում այդ դեպքերի վերաբերյալ իրականացվող հետաքննությունը դեռ չի ավարտվել:
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Սյունիքի մարզում գրանցված «հեպատիտ-C»-ի վարակի աղբյուր է հանդիսացել «Քաջարանի բժշկական կենտրոն»-ը: Այսինքն` հիվանդանոցում հիվանդներին վիրահատելու հետ միաժամանակ նաև վարակել են:
Դեռևս անցյալ տարի «Կապանի բժշկական կենտրոն» է հոսպիտալացվել 4 հիվանդ և ևս մեկը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանց բոլորի մոտ հայտնաբերվել է «սուր հեպատիտ C»։
Ավելի ուշ պարզվել է, որ բոլոր հիվանդները դրանից առաջ վիրահատվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում:
Այս դեպքերից հետո առողջապահության նախարարի հրամանով Քաջարանի հիվանդանոցում կատարվել են նմուշառումներ: Արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրի, «վերցված նմուշներում հայտնաբերվել են շեղումներ»:
Գործիքները պատշաճ մակարդակով մանրէազերծված չեն եղել, և բժիշկները դրանցով վիրահատել ու վարակել են, պաշտոնական տվյալներով, 8 հիվանդների: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով վարակվածների թիվը կրկնակի ավել է:
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ հետազոտությունները դեռ ավարտված չեն, հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել՝ արդյոք վարակն, իսկապես, ներհիվանդանոցային բնույթ ունի՞, թե՝ ոչ:
