«Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ C»-ի վարակի տարածման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով Սյունիքի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ C»-ի վարակի տարածման դեպքի առթիվ:
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Սյունիքի մարզում գրանցված «հեպատիտ-C»-ի վարակի աղբյուր է հանդիսացել «Քաջարանի բժշկական կենտրոն»-ը: Այսինքն` հիվանդանոցում հիվանդներին վիրահատելու հետ միաժամանակ նաև վարակել են:
Դեռևս անցյալ տարի «Կապանի բժշկական կենտրոն» է հոսպիտալացվել 4 հիվանդ և ևս մեկը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանց բոլորի մոտ հայտնաբերվել է «սուր հեպատիտ C»։
Ավելի ուշ պարզվել է, որ բոլոր հիվանդները դրանից առաջ վիրահատվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում:
Այս դեպքերից հետո առողջապահության նախարարի հրամանով Քաջարանի հիվանդանոցում կատարվել են նմուշառումներ: Արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրի, «վերցված նմուշներում հայտնաբերվել են շեղումներ»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` քննչականը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 1-ին մասով և 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու եւ մի շարք անձանց առողությանը վնաս պատճառած` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար:
