Քաջարանում հեպատիտ C-ով վարակվածների թիվը հասել է 13-ի
Քաջարանի բժշկական կենտրոնի սանիտարական անմխիթար վիճակի հետեւանքով հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի, չնայած առողջապահության նախարարությունը պնդում էր, որ հիվանդացածներն ընդամենը 8-ն են: Պաշտոնական տվյալներով հաստատվել է, որ 7-ի մոտ ախտորոշվել է սուր հեպատիտ C: Ի դեպ, հեպատիտ C-ն համարվում է դժվար ու թանկ բուժելի հիվանդություն: Երեկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել, որ հոգալու է հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսերը: Հայտարարության մեջ նշվում է, որ վարակվածներից 5-ը հենց կոմբինատի աշխատակիցներ են, սակայն կոմբինատի ղեկավարությունը որոշել է հոգալ նաեւ մյուս 8 վարակվածների բուժման ծախսը: «Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը եւ այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ վերոհիշյալ հիվանդության բուժումը չի ներառվում առողջապահական ապահովագրությամբ փոխհատուցվող հիվանդությունների ցանկում»,- ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ հիվանդանոցը 2013-ին հիմնանորոգվել է կոմբինատի ֆինանսավորմամբ:
