Քարտեզ եք ներկայացնում՝ հյուսիս-հարավ խառնած. Արծրուն Հովհաննիսյան
«Սեֆիլյանի տեղեկությունների մասին երեկ ասել եմ: Այնքան էլ լուրջ չի նստել քարտեզի վրա դա հաշվել: Ավելի անլուրջ է դառնում google-ից հանած քարտեզի հիման վրա տեսանյութ պատրաստելը: Եկեք չտրվենք մանիպուլյացիաների. քարտեզ եք ներկայացնում՝ հյուսիս-հարավ խառնած»,- այսօր լրագրողների հետ զրուցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե մենք կորցրել ենք 7,000,000 մ2 տարածք միայն Թալիշի հատվածում:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հարգում է Սեֆիլյանին և նրա կողքին կանգնած զինվորականներին, սակայն անլուրջ է նման հայտարարություններ անել՝ հատկապես, եթե այդ տարածքում չես եղել:
Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաև լրագրող Թաթուլ Հակոբյանի ներկայացրած տվյալներին: Ըստ այդմ ՝ Հարավային ուղղությամբ (Արա լեռ-Ղազախլար)՝ Լելե թեփե բարձունքի շրջանում, արցախյան բանակը կորցրել է 7 ռազմական դիրք: Հյուսիսային ուղղությամբ (Մատաղիս/Թալիշ-Թափ Կարակոյունլու) արցախյան բանակը ապրիլ 1-2-ի գիշերը կորցրել է տասնյակ ռազմական հենակետեր, իսկ առաջին գիծը, ինչպես հարավային ուղղությամբ, գրավվել է հակառակորդի կողմից:
Հովհաննիսյանը նախ ասաց, որ Թաթուլ Հակոբյանը նշել է այնպիսի տերմիներ, որոնք ընդհանրապես չի կարելի կիրառել, նա միևնույն ժամանակ ասաց, որ ներկայացրած տվյալը մի քիչ մոտ է իրականությանը: «Ընդհանուր առմամբ, իմ վերաբերմունքն այդ մասին ասել եմ: Երբ մարտական գործողությունները շարունակվում են, երբ այս կամ այն տարածքի նկատմամբ գործողություններ են ընթանում, նման մանրուքները լրջորեն կարող են վտանգել գործողությունները»,- ասաց նա՝ շեշտելով, որ կորցնել բառն այնքան էլ չի սիրում և նման դիրքային փոփոխություններն այս տարիների ընթացքում մշտական են եղել, ընդ որում՝ հօգուտ հայկական կողմի:
