Քաղաքացու դիմումը մերժվեց. վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը
Սահմանադրական դատարանը մերժեց քաղաքացի Արման Այվազյանի դիմումը:
Ելնելով այսօր քննության առնված գործի արդյունքներից, ՍԴ-ն որոշեց, որ դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի՝ Պաշտոնեական անփութությունը, 1-ին մասը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ՝ Դատական քննության սահմանները, հոդվածի 2-րդ մասը համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը:
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Այս որոշման եզրափակիչ մասը ներկայացնող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ որոշումն ամբողջությամբ օրենքով սահմանված կարգով կուղարկվի դատավարության կողմերին և կտեղադրվի ՍԴ պաշտոնական կայքէջում:
ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ, կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ 300 հազարից 500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը` դիմողը նշել է, որ այն «չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին»: Դիմողի պնդմամբ, օրենսդիրը թույլ է տվել, որ ինքը քրեական պատասխանատվության ենթարկվի մի արարքի համար, որի պատժելիությունը գործող օրենքով հստակ սահմանված չէ:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա, դիմողի պնդմամբ, այն թույլատրելով դատարանին վերաորակել ամբաստանյալին մեղսագրվող արարքը` խախտում է Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված՝ դատարանի չեզոքության սկզբունքը:
